Ա.Մինասյան. «Նաիրիտ»-ի սնանկացումը կազմակերպված գործընթաց է, որում ներգրավված է ոչ պրոֆեսիոնալ մոտեցումն ու կառավարությունը
««Նաիրիտի»-ի ճակատագիրը որոշելը օրենսդիր մարմնի գլխավոր հարցերից մեկն է»,- ԱԺ-ում ՀՅԴ խմբակցության պատգամավորների կողմից «Նաիրիտ» ՓԲԸ փակ մասնավորեցման, ստանձնած վարկային պարտավորությունների և անհրաժեշտ ծավալով տնտեսական գործունեություն չիրականացնելու պատճառներն ուսումնասիրելու ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին որոշման նախագիծը ներկայացնելիս հայտարարեց ՀՅԴ-ական Արծվիկ Մինասյանը:
Մինչ նախագծին անցնելը` պատգամավորը հիշեցրեց, որ նման բան ավելի վաղ էլ էր ներկայացվել, սակայն հետաձգվել էր այն պատճառաբանությամբ. «Կառավարությունը պատճառաբանում էր հետաձգումը, թե ջանքեր է գործադրում «Նաիրիտի» վերագործարկման ուղղությամբ»:
«Սակայն մինչև հիմա կառավարությունը չի պատասխանել «Նաիրիտի» ճակատագրի վերաբերյալ և ոչ մի հարցի: Ավելին` կանխամտածված կերպով գործարանի սնանկացում է իրակացվում, իսկ դա նշանակում է, որ վերագործարկման հույս չկա և եթե սնանկացման գնա` «Նաիրիտը» փրկվելու շանս չունի»,- ընդգծեց Ա. Մինասյանը:
Դիմելով պատգամավորին` ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը հետաքրքրվեց` գործարանի սնանկացման հարցում ի՞նչ կապ ունի վարչապետ Տիգրան Սարգսյանի եղբայրը.
«Վարչապետի եղբայրը զբաղեցրել է գործարանի փոխտնօրենի պաշտոնը: Բայց նրա մեղավորության մասին ամբիոնից հստակ ինչ որ բան ասել չեմ կարող»,- արձագանքեց ՀՅԴ-ական գործիչը:
ՀՀԿ խմբակցության պատգամավոր Լևոն Մարտիրոսյանն էլ հետաքրքրվեց` ո՞ւմ նկատի ունի, երբ ասում է, որ գործարանը միտումնավոր սնանկացվում է: Ա.Մինասյանը միայն ասաց, որ դա կազմակերպված գործընթաց է, որում ներգարվված է ոչ պրոֆեսիոնալ մոտեցումը, կառավարությունը և որոշ հասարակական կազմակերպություններ ևս:
Նախորդիվ` ԱԺ-ում քննարկվում է «Նաիրիտ»-ի հարցը, իսկ դրսում բողոքի ակցիա է ընթանում