ԵՄ-ն պատրաստ է աջակցել Հայաստանին. Տրայան Հրիստեա
Եվրոպական Միությունը պատրաստ է աջակցել Հայաստանին երկրում իրականացվող բարեփոխումների հարցում: Այդ մասին այսօր տեղի ունեցած ԵՄ խորհրդատվական խմբի խորհրդի 15-րդ նիստի ժամանակ հայտարարեց ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիստեան:
«Հայաստանում Եվրոպական միության աջակցությունը շարունակվում է, և ԵՄ-ն հանձնառու է շարունակելու իր աջակցությունը Հայաստանում իրականացվող բարեփոխումներին», -հայտարարեց Հրիստեան:
Դեսպանը մատնանշեց այս տարի հունվարից ուժի մեջ մտած վիզաների դյուրացման և ռեադմիսիայի համաձայնագրերը, որը, ըստ նրա, «բավական լուրջ քայլ էր»: Բացի այդ, ԵՄ խորհրդատվական խումբը աջակցություն է ցուցաբերել Հայաստանում դատաիրավական բարեփոխումների ընթացքին, ժողովրդավարության և մարդու իրավունքների պաշտպանության հարցերում:
«Ես ուրախ եմ ասելու, որ կարճ ժամանակաընթացքում ԵՄ խորհրդատվական խումբը բավական արդյունավետ աշխատանք է կատարել», -նկատեց Հրիստեան:
Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը եվրոպացիներից «թիրախավորված փորձագետներ» խնդրեց, որոնք կզբաղվեն սահմանային անցակետերի զարգացման հարցերով, պրոբացիոն ծառայության ներդրմամբ ու տնտեսական կապերի ամրապնդման հարցերով:
«Ճիշտ է, մենք Մաքսային միության անդամակցությանն ուղղված քայլեր ենք իրականացնում, բայց մեզ հետաքրքրում են եվրոպական երկրների հետ առևտրային հարաբերությունները ևս», -նկատեց Բաղդասարյանը և խնդրեց եվրոպացիներին, եթե հնարավոր է փորձագետներ տրամադրել այդ հարցերում աջակցություն ստանալու համար:
Տրայան Հրիստեան չմերժեց և ասաց, որ այդ աջակցությունը կտրամադրվի հայկական կողմին: Հայաստանում անցկացվող բարեփոխումներին աջակցելու համար դեռևս 2009-ին ստեղծված ԵՄ խորհրդատվական խումբը, որը ապրիլին ավարտելու է գործունեությունը, փաստորեն կշարունակի աշխատանքը: