Նախկին ոստիկանապետի որդին հացադուլից հետո ջրադուլ է սկսել
Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դստեր փեսացուի` Կարեն Եսայանի սպանության գործով մեղադրյալ, Անիի տարածաշրջանի նախկին ոստիկանապետի որդին` Հարություն Սարգսյանը երեկվանից ջրադուլ է սկսել: Այդ մասին Panorama.am-ի տեղեկությունը հաստատեց Հարությունի փաստաբան Լուսինե Սահակյանը:
«Նրա առողջական վիճակը ծանր է, զարկերակային ճնշումը 60/40 է, 7 կգ-ից ավելի քաշ է կորցրել», -փոխանցեց փաստաբանը:
ԱՆ քրեակատարողական հիմնարկների վարչության լրատվության հետ կապերի պատասխանատու Գոռ Ղլեչյանը, սակայն, տեղյակ չէր, որ կալանավորը ջրադուլ է սկսել:
«Ես նման դիմում չեմ ստացել», -ասաց նա:
Վաղը, փետրվարի 26-ին, կայանալու է Հարություն Սարգսյանի գործով դատական նիստը, և փաստաբանը խնդրել է, որպեսզի «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկից Հարությունին տեղափոխեն շտապօգնության մեքենայով:
«Առայժմ մեզ որոշակի պատասխան չունենք` արդյոք կկարողանան շտապօգնության մեքենայով տեղափոխել, թե ոչ»,- ասաց փաստաբանը:
Մեղադրող դատախազը նախորդ նիստում ունեցած իր ճառում Հարություն Սարգսյանի համար պահանջել էր 15 տարվա ազատազրկում:
«Երևան Կենտրոն» ՔԿՀ-ում գտնվող Հարություն Սարգսյանի` հացադուլ հայտարարելու նպատակն է՝ ապացուցել, որ ինքը կապ չունի Կարեն Եսայանի սպանության հետ: