Հ.Նաղդալյանն ընդդիմությանը. Ձեզ պետք են հզոր ցնցումներ, մեզ՝ հզոր երկիր
«Այս քննարկումը ևս մեկ անգամ ցույց տվեց, որ մեծամասնության և ընդդիմության մոտեցումները իսկապես «նույնաբովանդակ» չեն, նպատակներն էլ տարբեր են»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանը` անդրադառնալով գազի հարցերով ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի շուրջ ծավալված բուռն քննարկումներին:
Մեր զրուցակցի խոսքով` քաղաքական մեծամասնությունը խոսում է համալիր խնդիրների մասին՝ գազամատակարարման ոլորտում համակարգային խնդիրների լուծման, ռեզերվները գտնելու և կիրառելու, ոլորտի տեխնիկական համալիրը պահպանելու, չվտանգելու ճանապարհով համակարգի զարգացման, սոցիալական իրավիճակը մեղմելու մասին՝ ներառելով նաև ընդդիմադիր գործընկերների նախագծում առաջարկված և բարձրացրած բոլոր հարցերը: Իսկ ընդդիմությունից, հակառակ դրան, լսում են միայն մի քանի գլխավոր գործոնների վրա կենտրոնացված մտքեր՝ վաճառված 20 տոկոս, պարտք, հանձնաժողովի աշխատանքի հրապարակայնություն, այսինքն` հարցադրումներ, որոնք, ըստ Հ.Նաղդալյանի, ուղղված չեն խնդիրների լուծմանը:
«Դրանք ուղղված են իրավիճակի սրացմանն ու ցնցումներին: Հանրության վրա ազդող հնչեղ և սուր հայտարարություններ անելու` մեղավորներին տվեք, արյուն ենք ուզում, իբրև թե խորհրդավոր գաղտնիքներ բացահայտելու, սպառողին գրավիչ, խոսուն չափերի գների «իջեցում» խոստանալու և այլնի վրա: Իհարկե, «խիստ անհրաժեշտության» դեպքում կարելի կլիներ նաև իրենց այդ 60 դոլար կամ մեկ այլ չափով գինը իջեցնելը, գազի համակարգում իրենց ասած աշխատատեղերը կրճատելը, աշխատավարձը իջեցնելը կամ որևէ այլ քայլ անելը, որը լրջորեն կվտանգի երկրի համար ռազմավարական կարևոր, կասեի՝ գերակա նշանակություն ունեցող, ներքին անվտանգության հիմնաքարերից մեկը համարվող համակարգի գոյությունը և գործունեությունը, բնական աշխատանքը` վերականգնելով այն «քաոս» իրավիճակները, որոնք ժամանակին եղել են և որոնց մասին մեր ժողովուրդը չի մոռացել: Բայց մենք պատասխանատվություն ենք ստանձնել և չենք կարող տրվել արկածախնդրությանը, չենք կարող հարվածի կամ վտանգի տակ դնել երկրի համար անհրաժեշտ կայունությունը, մեր ժողովրդի կենսագործունեության թեկուզ և ծանր պայմանները վատթարացնել»,- նշեց ԱԺ փոխխոսնակը:
«Ի վերջո, ընդդիմադիր որոշ ուժեր արդեն կողմնորոշվեցին՝ չմտնել հանձնաժողովի մեջ և դեմ քվեարկել: Արդեն էլ չեն տեսնում քաղաքական իրավիճակը սրացնելու, ցնցման հեռանկարը, հարցեր լուծելը չի հետաքրքրում. այս տարվա ձմեռը ավարտվում է, հետո էլ ձմեռ չի լինելու երևի: Այստեղ տեղին է հիշել հայտնի պետական գործիչ-բարեփոխիչ Ստոլիպինի միտքը՝ «Ձեզ պետք են հզոր ցնցումներ, մեզ՝ հզոր երկիր»,- ընդգծեց նա:
Նախորդիվ` Հ.Աբրահամյան. Գազային գործարքում ապօրինություններ թույլ տված պաշտոնյաները կպատժվեն
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան