«Երևան Ջուր» ընկերությունն առաջարկում է ջրի սակագինը բարձրացնել 7,49 դրամով
«Երևան Ջուր» ՓԲԸ-ն մինչև փետրվարի վերջ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով է ներկայացնելու 2014-2015թթ. ջրամատակարարման, ջրահեռացման և կեղտաջրերի մաքրման ծառայությունների մատուցման համար առաջարկվող սակագների ճշգրտված հաշվարկները:
Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Երևան Ջուր» ընկերության մամուլի քարտուղար Մուրադ Սարգսյանը ասաց,որ առաջարկվում է ջրի սակագինը բարձրացնել 7,49 դրամով:
«Սակագների բարձրացման հայտի համար հիմք է ծառայել սղաճը, որն աճել է 5.8%-ով՝ 2012թ. 2.6%-ի դիմաց: Ընդ որում, մասնավորապես մանրածախ ծառայությունների սակագինը բարձրացել է 8,8 դրամով, սակայն քանի որ ընկերության կողմից ջրի վաճառքի կանոնավորման ու ապօրինությունների դեմ պայքարի շնորհիվ այդ նույն ժամանակ հաջողվել է ջրի վաճառքի ծավալն ավելացնել մոտ 1,2 մլն խմ-ով, ինչը զսպիչ գործոն է, հնարավոր է դարձել սակագնի աճը նվազեցնել 1.3 դրամով: Արդյունքում գրանցվել է 7.49 դրամ»,- ընդգծեց Մ.Սարգսյանը:
Նշվեց նաև, որ վարձակալության պայմանագրի համաձայն յուրաքանչյուր տարի «Երևան Ջուր» ՓԲԸ-ն պարտավոր է փետրվարի վերջին օրերին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին ներկայացնել մատուցվող ջրամատակարարման, ջրահեռացման և կեղտաջրերի մաքրման ծառայությունների սակագների ճշգրտված հաշվարկները՝ հաջորդ պայմանագրային տարվա համար: Գործող մեթոդաբանությամբ հաշվարկներն իրականացվում են հաշվի առնելով 2013թ. Հայաստանում պաշտոնապես գրանցված սպառողական գների ինդեքսը /պաշտոնական սղաճը/, եվրո-դրամ հարաբերակցությունը, էլեկտրաէներգիայի սակագինը և սպառված ջրի ծավալը:
Այսպիսով, «Երևան Ջուր» ընկերության ճշգրտված հաշվարկներով` առաջարկվում է խմելու ջրի մատակարարման, ջրահեռացման և կեղտաջրերի մաքրման մանրածախ ծառայությունների մատուցման գործող սակագինը դարձնել 177.746 դրամ/խմ` ներկայիս 170.256 դրամի դիմաց:
Խմելու ջրի մեծածախ ծառայությունների մատուցման գործող սակագինը առաջարկվում է բարձրացնել 1.148 դրամով: Ներկայումս այն կազմում է 17.026 դրամ/խմ (ներառյալ ԱԱՀ), իսկ ճշգրտված սակագինը 18.174 դրամ է:
Ջրահեռացման և կեղտաջրերի մաքրման մեծածախ ծառայությունների մատուցման գործող սակագինը ներկայումս կազմում է 34.625 դրամ/խմ (ներառյալ ԱԱՀ): «Երևան Ջուր» ընկերության ճշգրտված սակագնով առաջարկվում է այն դարձնել 36.947 դրամ:
«Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» փակ բաժնետիրական ընկերությանը ստորգետնյա ջրերի հեռացման ծառայության մատուցման գործող սակագինը կազմում է 9.756 դրամ/խմ (ներառյալ ԱԱՀ), ճշգրտված սակագնով` 10.186 դրամ/խմ (ներառյալ ԱԱՀ):
Նշենք, որ ընկերության կողմից մատուցվող ծառայությունների սակագները վեջնականապես կսահմանվեն Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշմամբ, հաշվարկների 3-ամսյա ուսումնասիրությունից հետո: Իսկ նոր սակագները ուժի մեջ կմտնեն նշված որոշումից 1 ամիս հետո:
Մ.Սարգսյանը նշեց նաև, որ վերջին 3 տարիներին ընկերությանը հաջողվել է աշխատանքի արդյունավետության բարձրացման շնորհիվ շարունակաբար նվազեցնել սակագները՝ 195 դր/խմ-ից մինչև 170,256 դր/խմ:
«Եթե սակագնի աճը ընդունվի Հանրային ծառայությունները կարգավորող հանձաժողովի կողմից, մեկ բաժանորդի հաշվով ամսական կկազմի 75-90 դրամ: Սակագնի աճը ըստ էության ընկերությանը լրացուցիչ ոչինչ չի տալիս, քանի որ միայն կոչված է փոխհատուցելու այն վնասները, որ կրում է ընկերությունը սղաճի պատճառով»,- ասաց Մ.Սարգսյանը` հավելելով, որ սակագների բարձրացումը թույլ կտա ընկերությանը շարունակել վերակառուցմանն ուղղված ծրագրերի իրականացումը համակարգում՝ Վարձակալության պայմանագրով ստանձնած պարտավորությունների կատարման համար:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները