Աշխարհահռչակ Ռիչարդ Գալիանոն համերգով հանդես կգա Հայաստանում
Մայրության և գեղեցկության տոնին ընդառաջ` մարտի 5-ին ժամը 19:00-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի կունենա Հայաստանի Պետական Կամերային Նվագախմբի /ՀՊԿՆ/ գարնանային համերգաշրգանի մեկնարկը Ֆրանսիայից հրավիրված վիրտուոզ ակորդեոնահար Ռիչարդ Գալիանոյի մասնակցությամբ: Համերգը կղեկավարի նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Վահան Մարտիրոսյանը: Այն մասին տեղեկացնում է Պետական կամերային նվագախմբի լրատվական ծառայությունը:
Ծրագրում կհնչեն Անտոնիո Վիվալդի «Տարվա եղանակներ», Աստոր Պիացոլա «Տարվա եղանակներ» և Ռիչարդ Գալիանո Օպալե-կոնցերտ նվագախմբի և ակորդեոնի համար:
Մարտի 4-ին` ժամը 21:30-ին Ռիչարդ Գալիանոն Հայաստանի պետական կամերային նվագախմբի երաժիշտների հետ հանդես կգա Մեցցո Ակումբում:
Իտալական ծագումով ֆրանսիացի ակորդեոնահար, Աստոր Պիացոլայի մեկնաբան, կոմպոզիտոր, ջազ իմպրովիզատոր Ռիչարդ Գալիանոն ծնվել է Ֆրանսիայում 1950 թվականին: Առաջին ուսուցիչը հայրն էր` ակորդեոնահար Լուսիեն Գալիանոն:
Գալիանոն երկու տարի անընդմեջ ակորդեոնահարների «World Cup» միջազգային մրցույթներում զբաղեցրել է առաջին տեղը, իսկ 1968-ին արժանացել է երկրի նախագահական մրցանակին:
1991 -ին Գալիանոն ստեղծում է «նոր մյուզետ» ոճը և այս ոճով «Label Bleu» ստուդիայում ձայնագրում է ալբոմ: 1993-ին` Ջազի ակադեմիան Ռիչարդ Գալիանոյին ճանաչում է որպես տարվա լավագույն ջազ երաժիշտ: Նույն տարում նա ձայնագրում է «Ճանապարհորդություն» ալբոմը , որը նույնպես ճանաչվում է որպես «Տարվա լավագույն ալբոմ»: 2010-ին Ռիչարդ Գալիանոն ստորագրեց բացառիկ պայմանագիր աշխարհահռչակ «Deutsche Grammophon» ընկերության հետ և նրա առաջին ալբոմը, որը նվիրված էր Բախի երաժշտությանը, թողարկումից անմիջապես հետո ավելի քան 40.000 օրինակով սպառվեց մեծ արագությամբ և դարձավ տարվա «Տարվա լավագույն դասական երաժշտության» ալբոմը: