Ս.Սաիյան. Նոր համակարգի չներդրման պարագայում բարեկեցիկ ծերություն արտահայտությունը կմնա բարի ցանկությունների շրջանակներում
Կուտակային կենսաթոշակային բարեփոխումների շուրջ ծավալվող քննարկումներում շատ հաճախ բացակայում է նոր համակարգի ներդրման անհրաժեշտության վերաբերյալ հիմնավորումները և Հայաստանում կենսաթոշակային ապահովության ոլորտում առկա առանձնահատկությունների նկարագրությունը: Կուտակային համակարգի ներդրման անհրաժեշտության վերաբերյալ Panorama.am-ի հետ զրույցում մասնագիտական դիտարկումներն է ներկայացրել սոցիալական ապահովության պետական ծառայության պետի առաջին տեղակալ Սմբատ Սաիյանը` անդրադառնալով նաև հանրային լայն շրջանակներին հուզող հարցերի մանրամասնություններին:
Սմբատ Սաիյանի պնդմամբ՝ նոր համակարգի ներդրման անհրաժեշտությունը պայմանավորված է գործող բաշխողական համակարգի անկենսունակությամբ, որի փոխարինումը բազմաստիճան համակարգով օրակարգային է և այլընտրանք չունի:
«Միջազգային չափորոշիչների համաձայն՝ բաշխողական կենսաթոշակային համակարգը համարվում է արդյունավետ, երբ երեք աշխատողի կողմից ֆինանսավորվում է մեկ կենսաթոշակառուի կենսաթոշակը: Համեմատության համար նշենք, որ Հայաստանում այդ ցուցանիշը 1/1 հարաբերակցությամբ է: Այսինքն շուրջ 500 հազար աշխատողների մասհանումներից գոյանում է նույնքան կենսաթոշակառուների կենսաթոշակները և միջազգային մեր գործընկերների հետ քննարկումների ժամանակ նրանք զարմանում են, թե ինչպես է մեր պետական բյուջեն կարողանում տանել այդ ահռելի բեռը: Այս պարագայում գործող կենսաթոշակային համակարգը չի կատարում իր հիմնական դերակատարությունը, այն է` անձի համար ապահովել բարեկեցիկ ծերություն»,- ներկայացրեց մեր զրուցակիցը` անդրադառնալով սերունդների համերաշխության սկզբունքով ֆինանսավորվող համակարգերի առանձնահատկություններին, որոնք շատ զգայուն են ժողովրդագրական պատկերի զարգացման միտումների նկատմամբ և բնակչության ծերացումը անկենսունակ է դարձնում համակարգը:
«Բնակչության ծերացումը միայն Հայաստանին բնորոշ իրողություն չէ, և այն նկատվում է ամբողջ աշխարհում և այդ մարտահրավերին դիմակայելու գործիքակազմը շատ սահմանափակ է: Պետք է նշել, որ աշխարհը վաղուց դադարել է պայքարել բնակչության ծերացման դեմ և պայքար է տարվում բնակչության ծերացման հետևանքները չեզոքացնելու, կամ բացասական ազդեցությունը հնարավորինս մեղմելու ուղղությամբ: Առաջիկա 20-30 տարիների ընթացքում մեզ մոտ կենսաթոշակի իրավունք է ձեռք բերելու 1950-ականներից մինչև 1980-ականների վերջին ծնված սերունդը, որը իր մեջ ներառում է հետպատերազմյան «բեբի բումի» սերունդը, 1946-49թթ-ի մեծ հայրենադարձության սերունդը և ընդհուպ մինչև 1980-ականների վերջին ծնվածները, երբ հայկական ընտանիքներում որպես կանոն առնվազն երեք երեխա էր ծնվում:
Հետևաբար, առաջիկա 20-30 տարում աշխատաշուկայում որպես վճռորոշ դերակատարներ են հանդես գալու այն սերունդը, որը ծնվել է 1990-ականներից հետո և ունենալու ենք մի իրավիճակ, երբ անընդհատ աճող կենսաթոշակառուների բանակի կենսաթոշակային ապահովման բեռը ընկնելու է խիստ սահմանափակ աշխատուժի ուսերին: Մենք ստիպված ենք լինելու կատարել այս բարեփոխումները, որպեսզի կարողանանք մտածել բարեկեցիկ ապագայի մասին, հակառակ դեպքում արդյունավետ կենսաթոշակ, բավարար չափի կենսաթոշակ արտահայտությունները կմնան բարի ցանկությունների շրջանակներում: Գործող համակարգի շարունակման դեպքում առաջիկա 20-30 տարիների ընթացքում անկախության սակավաթիվ սերունդը ստիպված է լինելու ֆինանսավորել մինչանկախության բազմաքանակ սերունդի կենսաթոշակային ապահովման համար»:
Սոցիալական ապահովության պետական ծառայության պետի առաջին տեղակալը հավաստիացրեց, որ աշխարհի որևէ պետություն, անկախ նրա սոցիալ-տնտեսական իրավիճակից, ի վիճակի չէ կրելու այս բեռը և գործող համակարգի շրջանակներում մնում է միայն երազել, կամ տեսական մակարդակում մտածել արդյունավետ կենսաթոշակի մասին:
Սմբատ Սայիանի հետ հարցազրույցն ամբողջությամբ դիտեք տեսանյութում: