Պարզաբանում՝ ինչու՞ 1974թ. և ինչու՞ 10 տոկոս (Տեսանյութ)
Կենսաթոշակային համակարգի բարեփոխումների շուրջ հանրությանն ամենաշատը հուզող հարցերից է այն, թե ինչու՞ է որպես տարիքային շեմ ընտրվել 1974թ-ը և ինչու՞ է սահմանվել կուտակման 10 տոկոս դրույքաչափ: Այս հարցերի պատասխանը Panorama.am-ի հետ զրույցում տվել է Սոցիալական ապահովության պետական ծառայության պետի առաջին տեղակալ Սմբատ Սաիյանը:
Ըստ պաշտոնյայի` կենսաթոշակային համակարգի բարեփոխումները մի քանի առանձնահատկություններ ունեն: Նախ` կենսաթոշակային բարեփոխումները պետք է իրականացվեն հստակ կշռադատված, արմատական և վստահ քայլերով: Սա պայմանավորված է այն հանգամանքով, որ կենսաթոշակային բարեփոխումներ իրականացնելու համար անհրաժեշտ ժամանակը լինում է բավականին կարճ:
«Այսինքն` հաշվի առնելով ինչ-ինչ վերլուծություններ, հասկանում ենք, որ ունենք մի պատուհան, որտեղ փոփոխություն կատարելը կլինի արդյունավետ: Հենց այստեղից են բխում 1974թ-ը որպես ելակետ ընդունելու և կուտակման դրուքաչափը 10 տոկոս սահմանելու մասին որոշումները, հարցեր, որոնք բավականին շատ են հետաքրքրում հանրությանը», - նշեց Սմբատ Սաիյանը:
Ըստ նրա, բարեփոխման տրամաբանության համաձայն` ի լրումն պետական համակարգի, որը պահպանվում է գործող կանոններով.«Մենք ներդնում ենք նոր բաղադրիչ, այսինքն կենսաթոշակի ֆինանսավորման նոր աղբյուր: Դրա շրջանակներում կենսաթոշակը ֆինանսավորվում է անհատ աշխատողների և անհատ ձեռնարկատերերի վճարումներից գոյացած միջոցներից: Այդ կուտակումները ուղղվում են համապատասխան կենսաթոշակային ֆոնդեր և ներդրումների միջոցով հավաքված գումարները հետ են գալիս տնտեսության մեջ»:
«Այնուհետև կատարված ներդրումների արդյունքում մենք ստանում ենք որոշակի եկամուտներ: Կենսաթոշակային նոր համակարգի կուտակային բաղադրիչի տրամաբանությունը ոչ միայն այն է, որ այդ գումարները զերծ պահվեն գնաճից, այլ նաև որոշակի եկամուտներ ապահովեն մեր ապագա կենսաթոշակառուների համար: Իսկ բարեփոխումների առանցքային խնդիրն այն է, որ ապագա կենսաթոշակառուները ստանան միջին աշխատավարձի 45-50 տոկոսի չափով կենսաթոշակ` ներկայիս 20 տոկոսի փոխարեն, - հավելեց նա:
Համաձայն մեր զրուցակցի դիտարկման` նմանատիպ ներդրումների իրականացումը խիստ մասնագիտական աշխատանք է և դրանով պետք է զբաղվեն պրոֆեսիոնալ կազմակերպություններ, որոնք ունեն համապատասխան փորձառություն և գիտելիքներ: Իսկ միջազգային փորձը ցույց է տալիս, որ կուտակային կենսաթոշակային համակարգի արդյունավետությունը մեծապես կախված է երեք հանգամանքներից. որքան ես կուտակում, որքան ժամանակ ես կուտակում և ինչպես են կառավարվում քո ակտիվները:
«Իրականացված համակողմանի հաշվարկները, որոնց մասնակցել են նաև միջազգային կազմակերպությունների մասնագետներ, ցույց են տալիս, որ եթե անձը նվազագույնը 20-25 տարվա ընթացքում կուտակի իր եկամտի 10 տոկոսը, ապա այդ դեպքում միայն հնարավոր է ապահովել վերոհիշյալ 45-50 տոկոս ցուցանիշը: Մյուս կողմից` մասնագիտացված կառավարիչների կողմից մեր ակտիվների կառավարման դիմաց մենք պետք է վճարենք: Եվ որքան մեծ է կառավարչին հանձնվող ակտիվների ծավալը, բնականաբար, կառավարման դիմաց տրվող վճարը տոկոսային առումով ավելի քիչ է լինում», - ընդգծեց Սմբատ Սաիյանը:
Նա նշեց, որ մեր օրենսդրությամբ սահմանված է` ակտիվների կառավարման դիմաց վճարը չի կարող գերազանցել ակտիվների 1,5 տոկոսը: Եվ ակնհայտ է, որ այդ 1,5 տոկոսը հենց այնպես չի սահմանվում: Այն հաշվարկվել է` հաշվի առնելով, թե եկամտի որ մասն է կուտակվելու և կառավարիչների տնօրինմանը ինչ ծավալով գումար է հանձնվելու: Ֆոնդերի կառավաման առանձնահատկությունն այն է, որ կառավարումը ակտիվների ծավալից կախված չէ, և կռավարիչը նույն աշխատանքն է տանում, օրինակ` թե´ 100 հազար դոլար ներդնելու ժամանակ և թե´ 1 մլն դոլարի դեպքում: Փաստորեն, որքան փոքր լինի կառավարման ենթակա ակտիվի չափը, այնքան մեծ կլինի դրա դիմաց տրվող տոկոսային վճարը, իսկ մենք վճարում ենք մեր միջոցներից:
«Անհրաժեշտ է, որ հավաքվի գումարի այնպիսի կրիտիկական զանգված, որպեսզի մենք կարողանանք գործընթացում ներգրավել պրոֆեսիոնալ կառավարիչների: Բանակցությունների արդյունքում մեզ հաջողվել է ձեռք բերել համաձայնություն, համաձայն որի տարիների ընթացքում այդ դրույքաչափերը պետք է նվազեն», - վստահեցրեց Սմբատ Սաիյանը:
Սմբատ Սայիանի հետ հարցազրույցն ամբողջությամբ դիտեք տեսանյութում:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները