Ուկրաինայի իրավապահ մարմինները հերքում են Յանուկովիչի նկատմամբ հետախուզում հայտարարելու մասին լուրերը
Վիկտոր Յանուկովիչի նկատմամբ հետախուզում հայտարարելու մասին պաշտոնական տեղեկատվություն չի ստացել Ուկրաինայի իրավապահ մարմիններից և ոչ մեկը: Նրանցից ոչ ոք չի վերցնում իր վրա պատասխանատվություն Յանուկովիչի հետախուզման համար: Այս մասին հաղորդում է «Зеркало недели» ուկրաինական պարբերականը:
«Մենք այդ հարցով չենք զբաղվում, զանգահարեք գլխավոր դատախազություն»,- ուկրաինական պարբերականին պատասխանել են ՆԳՆ հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Իսկ Ուկրաինայի գլխավոր դատախազությունից հայտնել են, որ Յանուկովիչի նկատմամբ հետախուզում հայտարարելու մասին ասել է ներքին գործերի նախարարի պաշտոնակատար Արսեն Ավակովը, և իրենք այդ հայտարարությունը ինչո՞ւ պետք է մեկնաբանեն:
«Ես չունեմ որևէ պաշտոնական տեղեկատվություն: Ստուգել եմ հետախուզման բազայում, թե կան արդյոք այնտեղ համապատասխան անուններ: Ոչինչ չկա: Անհասկանալի է նաև, թե ինչ գործի շրջանակներում է նրա նկատմամբ հետախուզում հայտարարվել: Ի՞նչ է նշանակում «զանգվածային սպանությունների համար»: Կարելի է քաղաքական հայտարարություն անել, սակայն մինչդատական հետաքննությունների միասնական ռեեստր դա ներառվում է այլ կերպ: Որպեսզի մարդու նկատմամբ հետախուզում հայտարարվի, պետք է հայտարարել նրա կասկածյալ լինելու մասին: Ով, ում և ինչում է կասկածյալ հայտարարել, հարց է, քանի որ այդ մասին տեղեկատվություն չկա»,- նշել է Ուկրաինայի գլխավոր դատախազության մամուլի ծառայության ղեկավար Մարգարիտա Վելկովան:
Աղբյուրը գրում է , որ Ուկրաինայի պետական սահմանապահ ծառայությունը նույնպես չի ստացել որևէ պաշտոնական հրաման, որ Յանուկովիչին կամ այլ պաշտոնյաների արգելվում է լքել Ուկրաինայի տարածքը:
«Պետական սահմանապահ ծառայությունը ստանում է պաշտոնական փաստաթղթեր, որից հետո այս կամ այն անձինք վերահսկողության տակ են առնվում: Դեռ նման հայտարարություններ հնչել են միայն համացանցում: Մենք այդ բուրգի ստորին օղակն ենք: Եթե գլխավոր դատախազությունում, անվտանգության ծառայությունում կամ ՆԳՆ-ում անուններ ասեն, մենք համապատասխան ձևով կարձագանքենք»,- իր հերթին հայտարարել է պետական սահմանապահ ծառայության ղեկավարի օգնական Սերգեյ Աստախովը:
Հիշեցնենք, որ նախօրեին՝ փետրվարի 24-ին, Ուկրաինայի ներքին գործերի նախարարի պաշտոնակատար Արսեն Ավակովը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ Վիկտոր Յանուկովիչի նկատմամբ հայտարարվել է հետախուզում՝ ցուցարարների զանգվածային սպանությունների մեղադրանքով:
Նախորդող՝
Ուկրաինայում հետախուզում է հայտարարվել Վիկտոր Յանուկովիչի նկատմամբ
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում