Գառնու տաճարը՝ սրճարանային դիտակետից
Հասարակությունը շատ մտահոգ է, որ «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանի տարածքում կատարվում են «բարեփոխումներ», ինչը կայլակերպի արգելոցի ճարտարապետական միջավայրը: Վերջերս հրապարակումներ եղան նաև, որ բաղնիքի տանիքը, մեղմ ասած, տարօրինակ «լուծում» է գտել: Այս փոփոխությունների հետ կապված Panorama.am-ը զրուցեց մշակույթի նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Վլադիմիր Պողոսյանի հետ:
Նա տեղեկացրեց, որ մշակույթի նախարարության հանձնարարությամբ կկազմվի հանձնախումբ, որը կմշակի «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանի տարածքում գտնվող 3-րդ դարի Արքունի բաղնիքի խճանկարի վերականգնման նախագիծը, կքննարկվի գիտամեթոդական խորհրդի նիստում, դրական եզրակացության դեպքում կիրականացվեն վերականգնման աշխատանքներ:
«Ամենակարևորն այն է, որ մենք մտահոգ ենք, ու նախարարությանը ներկայացրել ենք խնդիրը, որ խճանկարը վթարային վիճակում է»,- ասաց ՊՈԱԿ-ի տնօրենը՝ միաժամանակ հավելելով, որ Հայաստանում այս պահին 286 հուշարձան, այդ թվում նաև հենց բաղնիքի խճանկարը, գտնվում են վթարային վիճակում:
Վ. Պողոսյանի խոսքով, մշակույթի նախարարությունն է իրականացնում մշակութային քաղաքականությունը, ինքն էլ որոշում է հերթականությունը, թե որ հուշարձանը երբ է վերականգնվելու:
«Այո, բաղնիքի խճանկարը վթարային վիճակում է, բայց չի նշանակում է, որ 2014-ին անպայման պետք է վերականգնվի: Տրամադրված բյուջեի շրջանակներում են իրականացվում վերականգնողական աշխատանքները: Այս տարի, ինչքան գիտեմ 230 թե 250 միլիոն դրամ է հատկացված, որը քիչ է»,-ասաց ՊՈԱԿ-ի տնօրենը:
Ինչ վերաբերում է «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանի տարածքում բացվելիք սրճարանին, Վ. Պողոսյանն ասաց, որ տաղավարների տեղադրման, բարեկարգման աշխատանքներն արդեն սկսվել են, հավանաբար մայիսի 9-ին այն կբացվի:
Նա փորձում էր ամեն կարպ համոզել, որ տարածքում հնագիտական որևէ շերտ չկա, ավելին՝ դեռևս 2009 թվականին մշակույթի նախարարության գիտամեթոդական խորհրդի անդամների մի մասը եղել են տեղում ու ուսումնասիրել տարածքը, թեպետ, հենց իր խոսքով՝ սրճարանը բուն տաճարից 90 մետր հեռավորության վրա է գտնվելու, իսկ բուն բաղնիքից՝ 40 մետր:
«Թե Գառնիի, թե պետական սեփականություն հանդիսացող հուշարձանների պահպանության, վերականգնման խնդիրների լուծման համար պետությունն է միջոցներ տրամադրում: Այս ծրագիրը կոնկրետ մենք ենք իրականացնում, և սրճարանից ստացած եկամուտները գնալու են արգելոց-թանգարանի տարածքում առկա խնդիրների լուծմանը»,- ասաց Վ. Պողոսյանը՝ հավելելով, որ, օրինակ, ծրագրում են դեպի տաճար տանող սալիկներն ամբողջությամբ փոխել (վերանորոգվել են 2002 թ. «Լինս» հիմնադրամի միջոցներով), քանի որ այն խորդուբորդ է ու դժվարացնում է ինչպես սովորական, այնպես էլ հաշմանդամություն ունեցող մարդկանց տեղաշարժը:
Թե ինչու պետք է Գառնիի՝ հազարամյակների քաղաքակրթություն ներկայացնող պատմամշակութային հուշարձանի կողքին անպայման սուրճ խմել, այդպես էլ անհասկանալի մնաց:
Նախորդող հրապարակումներ՝
Մշակույթի նախարարը խոստացավ ու պաշտոնապես հայտարարեց
«Պիլոտային» սրճարան՝ «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանի տարածքում