«Այո, մենք ձեզ ոչ միայն չենք վստահում, մենք ձեզ չենք հավատում». Հ.Բագրատյան
«Նաիրիտ»-ի խնդիրներին նվիրված խորհրդարանական քննարկումը անցավ թեժ մթնոլորտում. ընդդիմությունը մեղադրում էր մեծամասնությանը, որ վերջինս չի ցանկանում զբաղվել խնդրահարույց այս հարցով, իսկ մեծամասնությունն էլ մեղադրում էր ընդդիմադիր գործընկերներին, թե վերջիններս քաղաքական շահարկումներով են զբաղված, այլ ոչ թե հասարակությանը հուզող հարցերի վերաբերյալ սրտացավ են: Այդ դիտարկումներն էլ հուներից հանեցին ընդդիմադիր պատգամավորներին
«Անցել է կես ժամ, բայց ես տեսնում եմ մեծամասնության լրիվ հակադիր կեցվածքը: Սիրելի մեծամասնություն, մենք քաղաքական շահարկում անող չենք, մոռացեք: Մեր նպատակն է օգնել գործին, տեսնել` ինչ է կատարվում… մի խաբեք, ձեզ մի խաբեք »,- ԱԺ ամբիոնից հայտարարեց ՀՅԴ-ական Աղվան Վարդանյանը:
Իսկ ՀԱԿ խմբակցության անդամ, ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը հայտարարեց, որ Վազգեն Մանուկյանի օրոք է ընդունվել որոշում «Նաիրիտը» փակելու մասին; Ներկայի մասին խոսելով էլ նշեց, որ այսօրվա իրողություններին չվստահելու տեղիք տվող խորը պատմությունները շատ-շատ են, «որոնց մեջ խառն են թե վարչապետ Տիգրան Սարգսյանի, թե նրա եղբոր ու սանիկի անունները»:
«Այո, մենք ձեզ ոչ միայն չենք վստահում, մենք ձեզ չենք հավատում: Մարդը ավիրում է, ոնց ուզում է. ձեր պրոբլեմն է նրան արդարացնելը, բայց ես չեմ ուզում նրան արդարացնել»,- շեշտեց Հ.Բագրատյանը:
Ելույթ ունեցավ նաև ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը` իր ելույթը սկսելով դիտարկմամբ, որ արդեն 32 անգամ հնչել է քաղաքական շահարկում արտահայտությունը. «Բայց ինչն ենք շահարկում պարոն Այվազյան, երբ ամեն ամիս «Նաիրիտ»-ի աշխատակիցները պետք է շքերթ կազմակերպեն, որպեսզի աշխատավարձ ստանան: Մինչդեռ վարչապետի փոխտնօրենը եղբայրը 42 մլն դրամ վերջնահաշիվ պետք է ստանա: Կամ ինչպես է ստացվում, որ վարչապետի եղբայրը «Նաիրիտ»-ի ողջ գույքը հանել է Չինաստան` որպես ջարդոն»:
Նա նաև հայտարարեց, որ հանձնաժողով ստեղծելը անհրաժեշտություն է բոլոր այդ հարցերի պատասխանները ստանալու համար:
«Սա է խնդիրը և ո՞րն է այստեղ քաղաքական շահարկումը: Եթե չեք ստեղծում, ուրեմն կա մեկ նպատակ, մեկ խնդիր` պարտակել տեղի ունեցած հանցագործությունը»,- հավելեց նա:
Նշենք, որ քննարկումն ԱԺ-ում ավարտվեց: Կառավարության ներկայացուցիչ Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը հայտարարեց, թե նպատակահարմար չէ հանձնաժողովի ստեղծումը «Ռոսնեֆտ»-ի հետ ընթացող բանակցություններին զուգահեռ, բայց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը խոստացավ, որ մինչև աշուն հանձնաժողով կստեղծվի:
Նախորդիվ`
ԱԺ նախագահը խոստացավ` «Նաիրիտ»-ի հարցով հանձնաժողով կստեղծվի