Աբխազական երկաթուղու բացման հարցը զուտ քաղաքական խնդիր է. ՏԿ փոխնախարար
Աբխազական երկաթուղու բացման հարցը զուտ քաղաքական խնդիր է, որն այս պահին տարբեր ատյաններում քննարկվում է: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ տրանսպորտի ու կապի փոխնախարար Արտաշես Ավետիսյանը:
Նրա խոսքերով` Աբխազական երկաթուղու բացումը չպետք է կապել Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության հետ:
«Եթե երկաթգծի աբխազական մասը երկարատև ժամանակով չշահագործվի, ապա ՄՄ-ն Հայաստանի անդամակցության վրա էական ազդեցություն չի ունենա: Այսօր էլ Հայաստանից բեռնափոխադրումներ կատարվում են, բայց ոչ աբխազական մասով: Իհարկե, շատ լավ կլիներ, եթե այդ խնդիրը լուծվեր, քանի որ այս դեպքում Հայաստանը լուրջ տրանզիտային պոտենցիալ կունենար», -ասաց փոխնախարարը:
Անդրադառնալով «Հայաստանի հարավային երկաթուղի» ծրագրի իրականացմանը, Ա.Ավետիսյանը նշեց, որ երկաթուղու շինարարարական աշխատանքներից հետո բեռնափոխադրումների ծավալը կավելանա:
Ներկայացնելով ՏԿ նախարարության իրավասությունների շրջանակներում ՄՄ-ը Հայաստանի անդամակցության շուրջ իրականացվող աշխատանքները, Ա.Ավետիսյանն ասաց, որ քննարկվում է երկու համաձայանգրերին միանալու հարցը: Համաձայնագրերից մեկը վերաբերում է ՄՄ արտաքին սահմանին տրանսպորտային հսկողություն իրականացնելուն, մյուսը` երկաթուղային տրանսպորտի ծառայությունների հասանելիությանը:
«Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ներկայացուցիչները փետրվարի 12-14-ը գտնվել են Հայաստանի Հանրապետությունում: Քննարկման արդյունքում պարզվել է, որ այդ երկու համաձայնագրերին միանալու համար ոչ մի խոչընդոտ չկա »,-ասաց Ա.Ավետիսյանը: