Աշոցքի դպրոցի նոր շենքի կառուցումը կավարտվի մայիսին
Աշոցք համայնքում «Հայաստան» համահայկական հիմնադրամի ծրագրով կառուցվում է դպրոցի նոր շենք: ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր այցելել է Շիրակի մարզի Աշոցքի տարածաշրջան: Նրան զեկուցվել է, որ շինարարական աշխատանքները նախատեսվում է ավարտել մայիսին: Դպրոցը նախատեսված է 400 աշակերտի համար, ունենալու է կաթսայատուն և ջեռուցման համակարգ, երկու մարզադահլիճ` բացօթյա մարզահրապարակով և դպրոցի ներսում գործող դահլիճով: Ծրագրի ընդհանուր արժեքը 736 մլն դրամ է:
Տարածքային կառավարման նախարարության մամուլի բաժնից հաղորդում են, որ համայնքի նախկին դպրոցի մասնաշենքերից մեկը ներկայումս վերակառուցվում է որպես բազմաբնակարան շենք, որտեղ պետք է տեղափոխվեն վթարային շենքերից մեկի ընտանիքները: Այդ ծրագրի իրականացման համար մարզի առաջնահերթ խնդիրների լուծման չորրորդ հրատապ ծրագրով հատկացվել էր 31 մլն դրամ:
Փոխվարչապետին տեղեկացվել է, որ շինարարական աշխատանքները կվերսկսվեն մարտից և, ակնկալվում է, որ շենքը շահագործման կհանձնվի մայիսին:
Համայնքում Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի ծրագրով հիմնանորոգվել է մանկապարտեզը: Ներկայումս կատարվում են ներքին հարդարման աշխատանքներ, շենքն ամբողջությամբ պատրաստ կլինի մայիսին, ինչպես նաև կապահովվի անհրաժեշտ գույքով: Ծրագրի ընդհանուր արժեքը կկազմի շուրջ 74 մլն դրամ:
Փոխվարչապետը կարևորել է ծրագրերի նշանակությունը համայնքի բնակիչների համար` միաժամանակ անհրաժեշտ համարելով հաստատությունների շահագործման համար անհրաժեշտ պայմանների ապահովումը և համայնքապետին հորդորել դրանց պահպանման համար անհրաժեշտ միջոցներ նախատեսել համայնքային բյուջեում:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա