Լևոն Տեր-Պետրոսյանին անձամբ կխնդրեմ գա խորհրդարան. Գագիկ Ջհանգիրյան
«Մենք հանցագործություն բացահայտող մարմին չենք և չենք էլ կարող լինել: Դրանով առանձին մարմիններ են զբաղվում: Ես ասում եմ, որ կարելի է առնվազն երեք սպանություն բացահայտել, բայց մենք բացահայտող չենք», -այսօր Ազգային ժողովում 2008-ի մարտիմեկյան իրադարձությունների ուսումնասիրման ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին որոշման նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց ԱԺ ՀԱԿ խմբակցության անդամ, նախագծի համահեղինակ Գագիկ Ջհանգիրյանը` պատասխանելով պատգամավորների հարցերին:
Նա ասաց, որ ինքը հակված է, որ ԱԺ ժամանակավոր հանձաժողովը զերծ մնա քաղաքական շահարկումներից ու քաղաքական գնահատականներ տալուց:
«Շատ ավելի հակված եմ մասնագիտական գնահատականներ տալու, նույնիսկ ամեն քաղաքական օրինագիծ քննարկելիս ես միշտ աշխատել եմ մնալ մասնագիտական քննարկումների շրջանակում: Կցանկանայի որ մեր բոլոր եզրակացությունները տայինք մասնագիտական տեսանկյունից»,-փոխանցեց Ջհանգիրյանը:
Նա հստակեցրեց, որ ժամանակավոր հանձնաժողովը, եթե այնուամենայնիվ, ստեղծվի, փաստահավաք ֆունկցիա չի իրականացնելու, քանի որ վեց տարիների ընթացքում նախաքննական մարմինն արդեն իսկ բազմաթիվ նյութեր է հավաքել, կուտակել:
«Հանձնաժողովի հիմնական խնդիրը պետք է լինի հետևյալը` կուտակված, վեց տարի հավաքված նյութերի ու նաև կայացված որոշումների հիմնա վրա ԱԺ-ին համապատասխան եզրակացություն ներկայացնել: Իսկ վերջնական գնահատականը կտա խորհրդարանը», -հավելեց Ջհանգիրյանը:
Հանրապետական խմբակցության անդամ Հայկ Բաբուխանյանը հետաքրքրվեց «մարտի 1-ի կազմակերպիչների մասին», հարցրեց, թե Լևոն Տեր-Պետրոսյանը ինչո՞ւ չի հարցաքննվում, ինչու նրան հանձնաժողով հրավիրելու մասով ոչինչ չկա նախագծում:
«Լևոն Տեր-Պետրոսյանը չի հարցաքննվել, որովհետև նախաքննական մարմինը նրան հարցաքննության չի կանչել: Եթե առաջարկում եք կազմակերպիչների մասով հարց ներառել որոշման նախագծում, ապա ես միանշանակ կողմ եմ, կարող եք առաջարկել: Ինչ վերաբերում է Տեր-Պետրոսյանին հրավիրելու հարցին, ապա ես անձամբ կփորձեմ խնդրել, համոզել նրան, որ նա ներկայանա ու բոլոր հետաքրքրող հարցերին պատասխանի», -արձագանքեց Ջհանգիրյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները