Ռուսական «Ռոսնեֆտ» ընկերությունը մտադիր է «Նաիրիտի» տարածքում կառուցել նոր գործարան. Իոսիֆ Իսայան
Ռուսական «Ռոսնեֆտ» ընկերությունը իր գործընկերների հետ մտադիր է Հայաստանում կառուցել նոր գործարան, որի արտադրանքը մեծ պահանջարկ ունի համաշխարհային շուկայում: Այս մասին այսօր հայտարարեց ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ, Էներգետիկայի հարցերով աշխատանքային խմբի ղեկավար Իոսիֆ Իսայանը` հավելելով, որ գործարանում կարտադրվի ստիրոլային կաուչուկ, որը հիմնականում օգտագործվում է ավտոդողերի արտադրության համար:
«Կարծում եմ, որ հոյակապ ծրագիր է: Հայաստանի և Ռուսաստանի վարչապետների հանդիպման ժամանակ ասվեց, որ «Ռոսնեֆտը» 500 մլն դոլարի ներդրումներ կկատարի»,- ասաց փոխնախարարը:
Ըստ նրա` գործարանը կկառուցվի «Նաիրիտ»-ի տարածքում: Հարցին, թե ինչ ճակատագիր է սպասվում «Նաիրիտ»-ի հին շենքին, Ի.Իսայանն ասաց, որ գործընթացը բանակցային փուլում է և ոչինչ չի կարող ասել:
«Ես ինվեստորը չեմ, չգիտեմ՝ ինչ է լինելու: Ես ասում եմ` այո, կա մտադրություն Հայաստանում «Նաիրիտի» տարածքում կառուցել նոր գործարան: Այլ բան ասել չեմ կարող»,- ասաց փոխնախարարը: