«Փաստարկն» արտաքին քաղաքականության վերաբերյալ փաստարկների մեծ բազա կձևավորի
Հայաստանի արտաքին քաղաքականությանը վերաբերող «Փաստարկ» ծրագրի բացումը տեղի ունեցավ այսօր: Այն երկարաժամկետ ծրագիր է, որի շրջանակներում նախատեսվում է ձևավորել արտաքին քաղաքականության վերաբերյալ փաստարկների մեծ բազա:
Ծրագրի կազմակերպիչը ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունն է, որի ղեկավար Կարեն Ավագյանի բնորոշմամբ, այն հիմնականում մի քանի կետերով է կարևորվում:
«Մեր երիտասարդները դրսում տարբեր կոնֆերանսների, դասընթացների, միջազգային ծրագրերի մասնակցելու և դրանց ընթացքում Հայաստանի շահերից բխող որոշակի նյութերի մասին խոսելու մեծ հնարավորություններ ունեն: Ստացվում էր, որ ամեն մի երիտասարդ իր իմացածի, իր փաստարկների չափով էր կարողանում խոսել: Խնդիր կար մեկ ընդհանուր հարթակ ձևավորելու, որպեսզի ամեն մեկը, ով կցանկանա փաստարկների լեզվով խոսել, չընկնի տարբեր ճանապարհներով այն հավաքելու, այլ այս կարճ ճանապարհով անցնի»,- ասաց նա:
Կարեն Ավագյանը նշեց, որ որոշակի ինֆորմացիոն բազա են ձևավորելու, և այն մարդիկ, ովքեր կցանկանան փաստարկված խոսել արտաքին քաղաքականության վեկտորների մասին, կունենա այդ ինֆորմացիան:
Նրա խոսքով, ծրագիրը պարտադրված ակցիա չէ, այն նախաձեռնել են երիտասարդները. «Ծրագրի կարևորությունը բավականաչափ մեծ ենք գնահատում: Կարևորվում է այն երիտասարդների աշխատանքը, ովքեր այս ընթացքում կարողացել են փաստարկներ հավաքել: Կարողանալու ենք նաև աշխատանքներ իրականացնել այն երիտասարդների հետ, ովքեր թիրախ խմբեր են համարվում, ներկայացնում են Հայաստանը տարբեր միջազգային հարթակներում: Նրանք կկարողանան ներկայացնել այն քաղաքականությունը, որը որ փաստարկված է և պետք է, որ ՀՀ ցանկացած քաղաքացու շուրթերից հնչի»:
Ծրագրի բացումը ողջունեց և դասախոսություն կարդաց ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը:
Ըստ նրա, շատ կարևոր նախաձեռնություն է սա, որովհետև բարձրագույն կրթության կարևորագույն բաղադրիչներից մեկը լրացուցիչ կամընտիր աշխատանքն է:
«Լսարանի շրջանակները պրպտող մտքի համար պետք է միշտ սահմանափակ լինեն և չբավարարեն ձեր մղումները, ձեր ձգտումները: Այն նախաձեռնությունը, որ ՀՀԿ Երիտասարդական կազմակերպությունը հանդես է բերել, այն գաղփարը, որով հանդես է եկել նման ակումբ ձևավորելու, նման քննարկումների ձևաչափ առաջարկելու, չափազանց ողջունելի է»,- ասաց նա:
Վիգեն Սարգսյանի բնորոշմամբ, մասնագիտական կյանքը սկսվում է ուսանողական տարիներից, և այն, որ երիտասարդներն արդեն ուսանողական տարիներին կարողանալու են անդրադարձ կատարել էական, արդիական խնդիրներին, այլ ոչ միայն տեսական ուսումնասիրություններին, չափազանց կարևոր է:
«Կարծում եմ, որ սա փայլուն հնարավորություն է լինելու` բանավոր խոսքը, վերլուծական կարողությունները զարգացնելու: Ակումբում հաստատ կկարողանաք ձևավորել և բարձրացնել այդ մակարդակը: Փաստարկված խոսելու համար պետք է գիտելիքների լուրջ բազա: Ինչպես ասում էր Կոնֆուցիուսը, սովորել առանց մտածելու անիմաստ է, իսկ մտածել առանց սովորելու վտանգավոր: Ես հուսով եմ, որ դուք ձեզ այդ վտանգին չեք մատնի: Այս ակումբ կգաք պատրաստված, ինչը թույլ կտա ձեր փաստարկները կառուցել ոչ թե զգացական մոտեցումների, այլ իմաստավորված և գիտակցված վերլուծության հիման վրա»,- ասաց նա:
ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարը հավելեց, որ ակումբը մեկ դեր էլ ունի կարևոր. «Բարձրագույն կրթությունը նախատեսում է ոչ թե ճիշտ պատասխաններ սովորեցնել, այլ ճիշտ հարցերի շարք բարձրացնել: Բարձրագույն կրթությունը չունի հարցերի ճիշտ պատասխաններ, եթե ունենար, աշխարհն ավելի լավը կլիներ, քան այսօր է: Դուք պետք է հասկանաք այն հարցերը, որ արդիական են և ձեր ներդրումը բերեք աշխարհի առաջընթացի մեջ: Մաղթում եմ մեծ հաջողություններ»:
Նշենք, որ ծրագրի շրջանակներում նաև ինտելեկտուալ մրցույթ անցկացվեց:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա