Արտակ Զաքարյանը արտասահմանցի գործընկերներին Խոջալուի սադրանքի վերաբերյալ նամակ է հղել
Հայաստանի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը Աղդամի մերձակա տարածքում տեղի ունեցած իրադարձությունների (Խոջալուի սադրանքի) 22-րդ տարելիցի կապակցությամբ նամակով դիմել է արտասահմանյան տարբեր երկրների գործընկեր խորհրդարանների արտաքին հարաբերությունների հանձնաժողովների նախագահներին: Այս մասին տեղեկացնում են Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովից:
Նա կոչ է արել չտրվել ադրբեջանական պրոպագանդայի պարզունակ հնարքներին, որոնք կարելի է որակել որպես Ադրբեջանի պետական հովանավորչությամբ կառավարվող և դրանից սնվող հակահայկական ռասիզմ, քսենոֆոբիա և ատելության քարոզչություն:
Իր նամակում Զաքարյանը նշել է, որ չնայած նրան, որ շուրջ 22 տարի է անցել Աղդամի դաժան իրադարձություններից, պաշտոնական Բաքուն միջազգային բոլոր հարթակներում զբաղված է միայն պատմական փաստերի խեղաթյուրմամբ ու հակահայկական հիստերիայի հրահրմամբ` նպատակ ունենալով սեփական մեղքը բարդել ղարաբաղյան կողմի վրա:
Անդրադառնալով խոջալվեցիների սպանության ադրբեջանական ներքաղաքական գործոններին, Արտակ Զաքարյանը ներկայացրել է բազմիցս նշված իրողությունը, ըստ որի, Ադրբեջանի ազգային ճակատի ընդդիմադիր ուժերը, 1992 թվականին սեփական ժողովրդի կոտորածը կազմակերպելով, նպատակ էին հետապնդում տապալել նախագահ Այազ Մութալիբովի իշխանությունը, ինչի մասին անձամբ վկայել է հենց ինքը` Մութալիբովը, 1992 թվականին ռուսական «Նեզավիսեմայա գազետա» օրաթերթում:
Կոչ անելով ավելի համապարփակ կերպով ծանոթանալ ինչպես վերոնշյալ, այնպես էլ առկա բազմաթիվ այլ փաստավավերագրական նյութերին, ժամանակին այդ սարսափելի իրադարձություններին ականատես եղած լրագրողների ու հետազոտողների վկայություններին, Զաքարյանը հույս է հայտնել ստանալ տարբեր երկրների խորհրդարանական գործընկերների աջակցությունը`պատմական իրողությունների սրբապիղծ խեղաթյուրման և Ադրբեջանի հակահայկական կեղծ հնարքներին դեմ պայքարի գործում:
Լրահոս
Տեսանյութեր
Հինգ իրավապաշտպաններ Բռնադատվածներին նվիրված հուշահամալիրի մոտ կկազմակերպեն բողոքի ակցիա