Խաչատրյանի անվան եռյակը` 15 տարի բեմում
Արամ Խաչատրյան համերգասրահում մարտի 3-ին տեղի կունենա Խաչատրյանի անվան եռյակի և Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի համատեղ համերգը` նվիրված Խաչատրյանի անվան եռյակի տասնհինգ ամյակին, հայտնում են Պետական երիտասարդական նվագախմբի մամուլի ծառայությունից:
Իր գործունեության 15 տարիների ընթացքում Խաչատրյանի անվան եռյակը առաջին անգամ միևնույն բեմում հանդես կգա նվագախմբի հետ:
Եռյակը հիմնադրվել է 1999թ-ին` որպես «Արսիկա»: 2006թ-ից այն հանդես է գալիս հետևյալ կազմով` Արմինե Գրիգորյան (դաշնամուր), Կարեն Շահգալդյան (ջութակ), Կարեն Քոչարյան (թավջութակ): 2008թ-ից եռյակը կրում է հայ մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի անունը:
Համերգի ընթացքում կհնչեն Լյուդվիգ վան Բեթհովենի Եռակի կոնցերտը և Պյոտր Իլյիչ Չայկովսկու աշխարհահռչակ «Կարապի լիճը» սյուիտը: