Նորարարական գյուղական զբոսաշրջության խթանում` սևծովյան ավազանի տարածաշրջանում
Այսօր կայացավ «Նորարարական գյուղական զբոսաշրջության խթանում» ծրագրի պաշտոնական ներկայացումը` ՀՀ կառավարության պաշտոնատար անձանց և այլ շահագրգիռ կողմերին: Միջոցառումը կազմակերպել էր Հեյֆեր Հայաստանը՝ Եվրոպական միության աջակցությամբ, տեղեկացնում են Հեյֆեր Հայաստան հաղորդակցության և հանրային կապերի բաժնից:
«Ծրագրի արդյունքում կամրապնդվեն տարածաշրջանային համագործակցությունը և գործընկերական կապերը՝ ֆիզիկական և մարդկային ռեսուրսների ինտեգրացված օգտագործման և փորձի փոխանակման միջոցով, որի նպատակն է բարելավել զբոսաշրջության ոլորտի պրոդուկտների չափանիշները և ծառայությունների մատուցման որակը», - ասաց Հեյֆեր Հայաստանի տնօրեն Անահիտ Ղազանչյանը:
Անահիտ Ղազանչյանը ներկայացրեց, որ համագործակցությունն աշխատում է երեք մակարդակներում: «Նախ և առաջ մենք աշխատում ենք տեղական ծառայություններ մատուցողների հետ, ուսուցում ենք տրամադրում և զարգացնում նրանց հմտությունները արժեքային շղթաների, մարքեթինգի, բիզնես պլան գրելու, կառավարման և իրենց բիզնեսը վարելու ուղղությամբ, որից հետո էլ հիմնում ենք տեղական ծառայություններ մատուցողների տարածաշրջանային ցանց»,- ասաց նա:
«Հաջորդ մակարդակում մենք ընտրում ենք արդյունավետ գործող զբոսաշրջային գործակալություններ, որոնք պետք է աշխատեն տեղական ծառայություններ մատուցողների հետ, միասին մշակեն Տարածաշրջանային այցելուի միասնական փաթեթ, որը պետք է շուկա հանվի և գրավի ու զբոսաշրջիկներ բերի դեպի սևծովյան ավազանի տարածաշրջան: Վերջապես երրորդ մակարդակում մենք աշխատում ենք կրթական հաստատությունների հետ, որպեսզի զարգացնենք զբոսաշրջության ոլորտի կրթական ծրագիրը՝ տարածաշրջանային զբոսաշրջության գրավչության մոտեցումը ներդնելու և ներգնա տարածաշրջանային զբոսաշրջության զարգացման կարևորությունը խթանելու միջոցով», -իրազեկեց տիկին Ղազանչյանը:
«Նորարարական գյուղական զբոսաշրջության խթանում» շրջանակներում կստեղծվեն ուսուցում ստացած և հմտություններ ունեցող՝ գյուղական զբոսաշրջության ոլորտում տեղական ծառայություններ մատուցողների և տուրիստական գործակալությունների ցանցեր, որոնք կմշակեն և կվաճառեն եզակի զբոսաշրջային պրոդուկտ՝ «Տարածաշրջանային այցելուի միասնական փաթեթ»: Այն կխթանի զբոսաշրջիկների ներհոսքը դեպի տարածաշրջան և իր ներդրումը կունենա ներերկրային և ներտարածաշրջանային պետական իշխանավորների միջև աննախադեպ համագործակցության հաստատման հարցում: Ծրագրի շրջանակներում այս պրոդուկտի ստեղծման նպատակն է տարածաշրջանային մակարդակով գյուղական զբոսաշրջության ոլորտում երկարատև արդյունքների ձեռք բերումը:
Միջոցառմանը ներկա էին պաշտոնատար անձինք ՀՀ էկոնոմիկայի, գյուղատնտեսության, արտաքին գործերի, մշակույթի, սփյուռքի, սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություններից, ինչպես նաև ներկայացուցիչներ Հայաստանում գործող միջազգային կազմակերպություններից:
«Նորարարական գյուղական զբոսաշրջության խթանում» ծրագիրը համաֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից՝ 472,923.43 եվրո գումարի չափով Եվրոպական հարևանության և գործընկերության գործիքի միջոցով: Ծրագիրը սկսվել է 2013թ. նոյեմբերին և կտևի 18 ամիս:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները