Հայաստանում ստեղծվում է մասնագիտացված ոսկեգործական ազատ տնտեսական գոտի
ՀՀ կառավարության որոշմամբ «ԷՅ ՋԵՅ ԷՅ ՀՈԼԴԻՆԳ» ընկերության տարածքում կստեղծվի ոսկեգործության բնագավառի ազատ տնտեսական գոտի: Ինչպես կառավարության այսօրվա նիստում նշեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը, այս որոշմամբ կստեղծվի երկրորդ ազատ տնտեսական գոտին Հայաստանում:
Ըստ նրա` տնտեսական գոտում կգործեն 150 արտասահմանյան ընկերություններ:
Վարչապետ Տիգրան Սարգսյանի խոսքերով` այս ոլորտում լուրջ ներուժ ունենք և ոսկեգործական բնագավառի ԱՏԳ-ին հնարավորություն է տալու, որպեսզի ամբողջ աշխարհից ոսկերչությամբ զբաղվող հայերը Հայաստանում բացեն իրենց ձեռնարկությունները:
«Դրանք կլինեն փոքր ձեռնարկություններ, բայց ենթադրվում է, որ 1000-ից ավելի աշխատատեղ կստեղծվի»,- ընդգծեց վարչապետը:
Նշենք, որ ազատ տնտեսական գոտու ստեղծման նպատակն է օտարերկրյա ուղղակի ներդրումների, ոսկերչական, ակնագործական և ժամագործական ոլորտի միջազգային ընկերությունների ներգրավման միջոցով խթանել արտահանման ծավալների աճը, ստեղծել նոր աշխատատեղեր և նպաստել կայուն տնտեսական զարգացմանը:
««ԷՅ ՋԵՅ ԷՅ ՀՈԼԴԻՆԳ» ՓԲԸ տարածքում ազատ տնտեսական գոտու գործունեության մեկնարկը կնպաստի Հայաստանում ներդրումների և ոսկերչական, ակնագործական և ժամագործական ոլորտի միջազգային ընկերությունների ներգրավմանը, տվյալ հատվածում հայկական բրենդի ճանաչմանն ու տարածմանը, ինչպես նաև նոր աշխատատեղերի ստեղծմանը:
Նածագծի հիմնավորմամբ` նախատեսվում է, որ ԱՏԳ-ում առաջին երեք տարիների ընթացքում ներգրավել մոտ 120-150 ընկերություններ, որոնք կստեղծեն շուրջ 2 հազար նոր աշխատատեղեր և կապահովեն տարեկան շուրջ 200-250 մլն դոլարի արտադրանքի արտահանում:
Մինչ 2015 թվականը տարածքի ձեռքբերման, հիմնանորոգման և գործարկման համար պահանջվող ներդրումները գնահատվել են 10.97 մլն դոլար, որից մոտ 6 միլիոնը պլանավորվում է ֆինանսավորել վարկի, իսկ մնացած մասը՝ ԱՏԳ կազմակերպչի սեփական միջոցների հաշվին: Նախատեսվում է, որ ԱՏԳ-ն կսկսի փուլային գործունեություն իրականացնել 2014 թ.-ից և լիովին կգործարկվի մինչև 2015 թ. վերջ:
ԱՏԳ գործունեության համար նախատեսվում է հատկացնել մոտ 32,400 ք.մ. ընդհանուր մակերեսով տարածք, որից մոտ 12,750 ք.մ.-ը՝ արտադրական նպատակների համար: ԱՏԳ-ն գտնվելու է Երևանի կենտրոնում, նախկին «Ավիահամալիր» գործարանի տարածքում: