Անկախ «օլիմպիական հրադադարից»` սահմանագծում անհանգիստ է
Սահմանագծին տիրող լարվածության մակարդակը ուղիղ համեմատական է հրադադարի ռեժիմի խախտման բնույթին և քանակին: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ «օլիմպիական հրադադարն» ավարտվել է, կարևոր է հասկանալ, թե ինչպիսի՞ իրավիճակ է առաջնագծում` հայ-ադրբեջանական սահմանին և ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծում: Ժամանակն է նաև համեմատականներ տանելով հասկանալ` թե ինչ ունեինք «օլիմպիական հրադադարից առաջ ու հետո:
ԼՂՀ ՊԲ Լրատվության ծառայության ղեկավար Սենոր Հասրաթյանը Panorama.am-ի հետ զրույցում նշեց, որ Ադրբեջանի կողմից, հրադադարի ռեժիմի խախտումները ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծում պարբերական բնույթ են կրում ու վերջին շաբաթների ընթացքում էական փոփոխություններ չեն կրել:
Ս. Հասրաթյանը նշեց, որ եթե համեմատենք հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը հունվարի երրորդ տասնօրյակի հետ, երբ հակառակորդը կտրուկ ակտիվացել էր, ապա այսօր այդ լարվածությունը նվազել է:
«Սակայն այսօր դժվար է խոսել լարվածության կամ հրադադրի ռեժիմի կանոնների խախտումների կտրուկ նվազեցման մասին»,- հավելեց նա:
ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն ասաց, որ վերջին օրերին հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի խախտումները բավականին քիչ են եղել:
Սակայն նա ընդգծեց, որ «օլիմպիական հրադադարի» օրերին Ադրբեջանը խախտել է հրադադարի ռեժիմի կանոնները և որ ադրբեջանական կողմի ակտիվությունը օլիմպիադայի օրերին էական փոփոխություններ չի կրել:
Վերոնշյալի վերաբերյալ փորձագետ Տիգրան Աբրահամյանն ասաց, որ «օլիմպիական հրադադար» հասկացությունը վաղուց կորցրել է իր նշանակությունը, ինչն ակնհայտ դարձավ նաև Սոչիում կայացած օլիմպիադայի օրերին աշխարհի տարբեր անկյուններում արձանագրված թեժ իրադարձություններով:
«Ինչ վերաբերում է ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծին և հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին, ապա «օլիպիական հրադադարի» օրերին, Ադրբեջանի կողմից, կտրուկ ակտիվացումներ են նկատվել, ավելին` վերջինս «գործի է դրել» ոչ միայն դիպուկահարներին, այլ կրակ է բացել խոշոր տրամաչափի զենքերից»,- ասաց նա:
Փորձագետը նշեց, որ այդ խոշոր սպորտային միջոցառման օրերին «օլիմպիական հրադադարը» Ադրբեջանը փորձեց օգտագործել որպես առիթ` հակահայ քարոզչությունն ակտիվացնելու ու հերթապահ մեղադրանքներ հնչեցնելու համար, իսկ հետագա օրերին, ադրբեջանական ագրեսիան դրսևորվեց առաջնագծում` հրադադարի ռեժիմի պարբերաբար խախտումների ձևով:
«Եթե ամփոփենք «օլիմպիական հրադադարից» առաջ ու հետո ընկած ժամակահատվածում գրանցված հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը, ապա պետք է նշել, որ օլիմպիադայի ընթացքը որևէ ձևով Ադրբեջանին զերծ չպահեց իրավիճակին սուր բնույթ հաղորդող գործողություններից: Ավելին` Ադրբեջանն օգտագործեց այն հանգամանքը, որ միջազգային հանրության ուշադրությունն այլ իրադարձությունների վրա էր և օլիմպիադայի օրերին գործում էր առավել «անկաշկանդ»»,- եզրափակեց Տ. Աբրահամյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները