Իսլամիստները Սիրիայում քրիստոնյաներից պահանջում են գլխագին վճարել
Սիրիայի քաղաքներից մեկում իսլամիստական խմբավորումը քրիստոնյաներից պահանջել է ոսկու տեսքով գլխագին վճարել պաշտպանության դիմաց: Reuters գործակալությունը հայտնում է, որ «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» խմբավորումը իր վերահսկողության տակ գտնվող Ռաքքա քաղաքում, որտեղ ձգտում է հաստատել ծայրահեղական իսլամիստական օրենքներ, անվտանգության դիմաց քրիստոնյաներից պահանջել է ոսկու տեսքով գլխագին վճարել և սահմանափակել կրոնական դրսևորումները:
Նրանք, մասնավորապես, պահանջում են, որպեսզի քրիստոնյաները չվերանորոգեն իրենց եկեղեցիները և այլ կրոնական հաստատություններ, կրոնական իրերը բաց չլինեն, եկեղեցու զանգերը չհնչեցնեն և չաղոթեն հասարակական վայրերում: Գրոհայինները նաև պահանջել են, որպեսզի յուրաքանչյուր հարուստ քրիստոնյա տղամարդ վճարի 17 գրամ ոսկուն համարժեք գումար, որպես «ջիզիա»` գլխագին, որ վճարում են ոչ մուսուլմանները:
Միջին եկամուտ ունեցողները պարտավոր են վճարել այդ գլխագնի կեսը, իսկ աղքատները` մեկ չորրորդը: Զինյալների դիրեկտիվով քրիստոնյաներին արգելվում է նաև զենք կրել, գինի խմել, ինչպես նաև մուսուլմաններին վաճառել գինի և խոզի միս:
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում