Գևորգ Կոստանյանը խոստացավ հաջորդ շաբաթ հանդիպել բանակում մահացած զինծառայողների մայրերի հետ
ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանն այսօր կառավարության մոտ հանդիպեց բանակում մահացած զինծառայողների ծնողներին, լսեց և պատասխանեց նրանց հարցերին:
2007 թվականին բանակում զոհված զինծառայող Տիգրան Օհանջանյանի մայրը՝ Գոհար Օհանջանյանը դատախազի հետ զրույցում ասաց, որ քրեական գործը արդեն 7 տարի նախաքննության ընթացքում է և յոթ տարի փաստաբան չեն կարողանում պահել:
Գ.Կոստանյանը Տիգրան Օհանջանյանի մորն ասաց, որ ինքը պատրաստ է ցանկացած իրավաբանի հետ «իրավաբանական հարթության մեջ քննարկել փաստերը»:
«Երբ դուք զինվորական դատախազ էիք, մենք այդ հարցերը բարձրացրել ենք, բայց այսքան ժամանակ է անցել, մենք ոչ մի հարցի պատասխան չունենք», -արձագանքեց տիկին Գոհարը` նկատելով, որ գործով կան նոր երևան եկած հանգամանքներ:
«Այդ հանգամանքների շուրջ մենք բազմիցս քննարկել ենք ու Ձեր իրավաբանի ներկայությամբ սպառիչ ներկայացրել ենք մեր դիրքորոշումը: Քննարկել ենք միաժամանակ նոր քննչական գործողություներ կատարելու անհրաժեշտությունը: Եթե դուք գտնում եք, որ դարձյալ լրացուցիչ հանգամանքներ կան, էլի քննարկենք, տիկին Գոհար»,- ասաց գլխավոր դատախազը:
Սպանված զինծառայողի մոր և գլխավոր դատախազի միջև զրույցի արդյունքում Կոստանյանն առաջարկեց իրավաբանի օգնություն, որին տիկին Գոհարը համաձայնեց, և նրանք պայմանավորվեցին հանդիպել հաջորդ շաբաթ:
«Եկող շաբաթվա մեջ ես կհրավիրեմ, լա՞վ», -ասաց գլխավոր դատախազը և ստանալով Գոհար Օհանջանյանի դրական պատասխանը ավարտեց զրույցը նրա հետ:
Բացի տիկին Գոհարից, Կոստանյանը նաև մյուս զոհված զինծառայողների մայրերի հետ խոստացավ հանդիպել:
«Ես նորից եմ ասում` ցանկացած գործ, այդ հանցագործությունների հետ կապված, կքննարկենք: Ուզում եք հրապարակային, այդ թվում` լրատվամիջոցների մասնակցությամբ, ես պատրաստ եմ, ինձ համար որևէ խնդիր չկա»,- նշեց Գ.Կոստանյանը:
Ծնողները այս առաջարկին ևս դրական արձագանքեցին:
Նախորդող`
Գ. Կոստանյանը զրուցել է զոհված զինծառայողների մայրերի հետ (տեսանյութ)
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները