«Մշակույթի նախարարությունն իր ստամոքսային մտածողությամբ փորձում է պղծել մեր մշակույթը». պատմաբան
«Սովետական շրջանից մեր հնագույն մշակույթը ոչնչացնելու խնդիր է դրված: Այն շարունակվում է նաև այսօր: Վառ օրինակներ՝ Գառնու տաճարում սրճարանի կառուցում, վիշապաքարերի, կոթողների փակում սենյակներում և այլն»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման դիտարկում արեց «Նախնյաց հետքերով» մշակութային կազմակերպության անդամ Արման Մխիթարյանը:
Նշենք, որ մշակույթի նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի նախաձեռնությամբ «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանի տարածքում կառուցվելու է սեզոնային սրճարան:
Պատմաբան, գրող, հրապարակող Վահե Անթանեսյանի խոսքով, մշակույթի նախարարության այդ քայլը ոչնչով արդարացված չէ:
«Ասում են նպաստելու է տուրիզմի զարգացմանը: Ես նաև տուրիստական ընկերության տնօրեն եմ ու կարող եմ ասել, որ ոչ մի զբոսաշրջիկ այնքան ժամանակ չի ունենում, որ նստի ու սուրճ խմի: Իհարկե, եթե ներքին հրահանգ չլինի, որ պետք է զբոսաշրջիկներին անպայման հենց այդտեղ ճաշ մատուցել»,- ասաց նա՝ հավելելով, որ միայն մեկ միտում է տեսնում՝ հայոց մշակույթի պղծում:
Պատմաբանը նշեց, որ սրճարանը կառուցելուց հետո Գառնու տաճարը կդադարի գոյություն ունենալ որպես պատմական հուշարձան, որը մեր ազգային արժեքն է:
«Մշակույթի նախարարությունն իր ստամոքսային մտածողությամբ փորձում է պղծել մեր մշակույթը, բայց հայտարարում եմ, որ չեն կարող»,- ասաց Վ. Անթանեսյանը:
Արորդյաց Ուխտի քուրմ Վրեժ Աղաջանյանի խոսքով, մշակույթի նախարարությունն իր այս քայլով Գառնու տաճարը իջեցնում է օբյեկտի մակարդակի:
«Չի կարելի պղծել Գառնին, ինչպես չի կարելի Էջմիածնի տաճարը, մյուս եկեղեցիները: Վտանգված է մեր երեխաների ապագան: Գառնին մեր հայ լինելու ապացույցն է: Վստահ եմ, հույս ունեմ, որ խելքի կգան, չեն պղծի»,- ասաց քուրմ Վարուժը:
Նա տեղեկացրեց, որ Արորդյաց Ուխտը մշակույթի նախարարությանն առաջարկ ունի, որի մասին նամակով հայտնել են նաև հենց այդ գերատեսչությանը. «Հազարապատիկ ավելի օգտակար, եկամտաբեր, տուրիստաբեր կլինի, եթե այդտեղ կառուցվի թանգարան: Դեպի տաճարի մուտքը կա մի կիսակառույց շենք: Առաջարկում ենք, այդտեղ կառուցել Գառնու հնագիտական կամ հնէաբանական թանգարան: Մենք պատրաստ ենք ֆինանսավորել»:
Նախորդող հրապարակումներ՝
Գառնու տաճարը՝ սրճարանային դիտակետից
Մշակույթի նախարարը խոստացավ ու պաշտոնապես հայտարարեց
«Պիլոտային» սրճարան՝ «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանի տարածքում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան