Գինեկոլոգ. Երկար տարիներ հետո երիտասարդ ամուսինները շնորհիվ նոր տեխնոլոգիայի երեխա ունեցան
Երեխայի ծնունդը ծնողների համար մեծ ուրախություն է, հատկապես, եթե նրան երկար են սպասել: Օրեր առաջ «Շենգավիթ» բժշկական կենտրոնում լույս աշխարհ է եկել Պետրոսը. երիտասարդ ծնողները երկար տարիների անպտղությունից հետո արտամարմնային բեղմնավորմամբ միայն կարողացան նրան ունենալ: Այս դեպքը բացառիկ է, քանի որ արտամարմնային բեղմնավորումն իրականացվել է վերջին տեխնոլոգիաների կիրառմամբ, որը կոչվում է TESA` ամորձու հյուսվածքի ասպիրացիա: Այս եղանակով Հայաստանում առաջին ծնված երեխան Պետրոսն է:
Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում «Շենգավիթ» ԲԿ-ի Մարդու վերարտադրողական առողջության կենտրոնի գինեկոլոգ Քրիստինա Խուդավերդյանն ասաց, որ այս մեթոդը կիրառվում է Հայաստանի երեք կլինիկաներում, սակայն սա առաջին դեպքն է, որ այդ եղանակով արված արտամարմնային բեղմնավորումը տվեց իր ցանկալի արդյունքը: Նրա խոսքերով` կնոջ հղիությունը ընթացել է նորմալ, առանց որևէ խնդիրների, ծննդաբերությունը կատարվել է կեսարյան հատումով, իսկ երեխան ծնվել է 3,9 կգ քաշով:
Ներկայացնելով TESA եղանակը, Ք.Խուդավերդյանը նշեց, որ սերմնահեղուկի մեջ սերմնաբջիջ չհայտնաբերելու դեպքում կատարվում է ամորձու հյուսվածքի ասպիրացիա: Արդյունքում` հայտնաբերված եզակի սպերմատոզոիդները ենթարկվում են մանրակրկիտ զննման, իսկ առողջ սպերմատոզոիդները հատուկ մանրադիտակի միջոցով ներարկվում են կնոջ ձվաբջջի մեջ: Ստացված սաղմերը տեղադրվում են մոր արգանդի մեջ:
Գինեկոլոգի խոսքերով` թեև այս մեթոդը բավականին դժվար է, բայց արդյունքում ստացվել է երկար սպասված հղիությունը: Ք.Խուդավերդյանը նշեց, որ Հայաստանում նման զույգերը քիչ չեն, սակայն այսօր կարող են վստահորեն ասել` նրանք ևս արդեն կարող են ունենալ իրենց սեփական երեխաները:
«Եթե առաջ նման զույգերին առաջարկվում էր դոնորական սերմնավորում, ապա այս նոր տեխնոլոգիայի միջոցով զույգերը կկարողանան ունենալ իրենց երեխաները: Իհարկե դժվար մեթոդ է, բայց` արդյունավետ»,- ասաց նա:
Ք.Խուդավերդյանն ասաց նաև, որ նույնիսկ երկար տարիների անպտղության դեպքում զույգերը հրաժարվում են դոնորական սերմնավորումից: Այդուհանդերձ, ըստ գինեկելոգի, վերջին տարիներին զույգերն ավելի գրագետ են դարձել, ավելի տեղեկացված են, քանի որ համացանցի միջոցով բավականին ինֆորմացիա են ստանում, ուստի խնդիրներ ունենալու դեպքում անմիջապես դիմում են բժշկի:
«Եթե նախկինում ամաչում էին, անհարմար էին զգում, հիմա իրավիճակը փոխվել է», -ասաց Ք.Խուդավերդյանը:
Ինչ վերաբերում է վերոնշյալ խնդրին, գինեկոլոգը նշեց, որ այս մեթոդի շնորհիվ` այն տղամարդիկ, ում սերմի մեջ սպերմատոզոիդներ չեն հայտնաբերվում, այսուհետ կարող են ունենալ իրենց երեխաները: