Առաջիկա հինգ տարիներին Հայաստանի գազասպառողները կխնայեն շուրջ 1 մլրդ դոլար. Կ.Մովսիսյան
«Ընկերության ֆինանսական վիճակը բավականին լարված է` կային պարտքեր, պարտավորություններ, այլ բարդություններ: Այդ ամենը բերեց վարկային պարտքերի կուտակման և հիմնական խնդրի` չկորցնել Հայաստանի գազային համակարգը»,- «Գազի հարցը հայաստանյան տնտեսության համար» խորագրով Եվրասիական փորձագիտական ակումբի կլոր սեղանի ընթացքում հայտարարեց «Գազպրոմ Հայաստան» ընկերության փոխնախագահ Կարեն Մովսիսյանը:
Նրա խոսքով, ներկայումս գազային համակարգի տեխնիկական հագեցվածությունն էլ իդեալականից հեռու է: Բայց հիմնական խնդիրը, որ հուզում է հանրությանը գազի գնի ձևավորումն է, որը պայմանավորված է որոշ չափորոշիչներով, մինչդեռ, և փոխնախագահը սա հատուկ շեշտեց, ընկերության ծախսերը մշտական են, ու կապ չունի, թե որքան գազ է մատակարարվում Հայաստանին: Այնպես որ` խոսակցություններն այն մասին, թե «Գազպրոմ Հայաստանը» գերշահույթ է ինքն իրեն ապահովում, ըստ Կ.Մովսիսյանի, ուղղակի անիմաստ են:
«Օրինակ, գազատար խողովակների 650 կմ հատվածի (խողովակատարի ամենակարևոր ու ամենաթանկ հատվածի մասին է խոսքը) շուրջ 35 տոկոսը կարիք ունի փոխվելու, քանի որ 40 տարուց ավելի է շահագործվում է, իսկ դա 450-500 մլն դոլարի ծախս է ենթադրում»,- նշեց նա և ավելացրեց, որ ընկերությունը ֆինանսական կորուստների առաջ է կանգնում նաև այն դեպքում, երբ դոլարը թեկուզ 1 դրամով արժեզրկվում է:
«Ես ուզում եմ հատուկ ընդգծեմ` գնագոյացման հարցում այս ամենը չէր կարող հաշվի չառնվել: Մեր վերլուծությունը ցույց է տալիս, որ մենք ամեն անգամ հաշվի առնելով երկրի սոցիալ-տնտեսական ծանր իրավիճակը, այլևս չէինք կարող գնի փոփոխություն չանել, առավել ևս, որ մեր գործընկերները դա արեցին»,- նշեց նա:
Կ.Մովսիսյանն նաև ասաց, որ առաջիկա հինգ տարիներին Հայաստանի գազասպառողները կխնայեն շուրջ 1 մլրդ դոլար:
Նշենք, որ կլոր սեղանը կազմակերպել է «Ինտեգրացիա և զարգացում» հասարակական կազմակերպությունը: