Նարեկ Ավետիսյան. Հետաքրքիր էր Մինասի գործերը տեսնել գերմանացի էքսպրեսիոնիստների կողքին
2013թ.-ին լրացավ Մինաս Ավետիսյանի 85-ամյակը, ինչն առիթ դարձավ «Մինաս և Նարեկ Ավետիսյան. Մոդեռնը և Ավանգարդը Հայաստանում» ցուցահանդեսը ներկայացվի Գերմանիայում: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Մշակույթների երկխոսություն» հիմնադրամի նախագահ Սոնա Հարությունյանը:
«Այս ցուցահանդեսը ամրապնդում է միջազգային կապերը: Հայաստանի և Սաքսոնիա-Անհալթի երկրամասի մշակույթի նախարարները մտադրության համաձայնագիր կնքեցին, որով ակնկալվում է մշակութային և կրթական ոլորտում ավելի ինտենսիվ համագործակցություն»,-հայտնեց Սոնա Հարությունյանն` ավելացնելով, որ ՀՀ մշակույթի նախարարությունը հոգացել է Մինաս Ավետիսյանի գործերի տեղափոխության և ապահովագրության ծախսերը:
Ասուլիսին ներկա Նարեկ Ավետիսյանն էլ նշեց, որ Մինասի միջոցով փորձեցին ներկայացնել հայկական մոդեռնիզմը և շատ հետաքրքիր և խորհրդանշական էր տեսնել Մինաս Ավետիսյանի գործերը գերմանացի էքսպրեսիոնիստների աշխատանքների կողքին:
Անդրադառնալով իր և հոր աշխատանքների նմանություններին և տարբերություններին` Նարեկ Ավետիսյանը նշեց. «Հնարավորություն ունեցա ինքս ինձ տեսնելու և համեմատելու: Իսկ գերմանացի հանդիսատեսը նկատեց մեր գունամտածողության կապը»:
Նշենք, որ «Մինաս և Նարեկ Ավետիսյան. Մոդեռնը և Ավանգարդը Հայաստանում» ցուցահանդեսը Մորիցբուրգի արվեստի թանգարանում կներկայացվի մինչև մայիսի 4-ը: