«Ձեռքներդ հեռու հղիների գրպաններից». Բողոքում են հղի կանայք (տեսանյութ)
«Չենք վճարելու», «Ձեռքներդ հեռու հղիների գրպաններից» գրությամբ պաստառներով այսօր առողջապահության նախարարության դիմաց կանգնած ցուցարարները փորձում էին հավաստիանալ` արդյոք առողջապահության նախարարը իսկապես որոշել է դադարեցնել հղիության ախտաբանության համավճարի կիրառումը: Ակցիային մասնակցում էին ինչպես հղի կանայք, այնպես էլ մայրերը` փոքրիկ երեխաների հետ միասին:
Նշենք, որ Առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանի հրամանով, մարտի 1-ից մի շարք ծառայություններ, որոնք այժմ անվճար են, կդառնան վճարովի: Մասնավորապես, վճարովի են լինելու պոլիկլինիկաներում այժմ իրականացվող անվճար բուժզննումները և հղիության ընթացքում առաջացած բարդություններից բուժումները: Եվ եթե պոլիկլինիկաներում հետազոտություններն ու անալիզները կարժենան 500-ից 1000 դրամ, ապա բարդություններ ունեցող հղիների հիվանդանոցային բուժումը յուրաքանչյուր օրվա համար արժենալու էր օրական 5000 դրամ: Սակայն երեկ նախարությունից պաշտոնապես հայտարարեցին, որ կասեցնում են այդ որոշման կիրառումը:
«Ձեռքերդ հեռու՛ հղիների գրպաններից» ֆեյսբուքյան նախաձեռնության կազմակերպիչ Էլվիրա Մելիքսեթյանը մտավախություն հայտնեց, որ այս որոշման կիրառումը կարող է բացասաբար ազդել ծնելիության ցուցանիշի վրա:
«Երբ Հայաստանի 30 տոկոսն ապրում է ծայրաստիճան աղքատության պայմաններում նման որոշումներ առհասարակ չպետք է իրականացվեն», -նկատեց Մելիքսեթյանը:
Առողջապահության նախարարության մոտ բողոքողներին լրագրողների հետ միասին ընդունեց առողջապահության փոխնախարար Վարդան Պողոսյանը: Նա նախ հորդորեց որոշման մասին խոսել անցյալ ժամանակով, քանի որ այն արդեն չի կիրառվում, իսկ հետո ներկայացրեց. «Հղիները, որոնք պառկում են հիվանդանոց մի քանի օր բուժվելու, որոշ ստվերային գումարներ են վճարում, իսկ մենք ընդամենը փորձել ենք լեգալացնել դա: Այսինքն` պաշտոնական սարքել, գրպանի վճար հասկացությունը վերացնել, վճարել ոչ թե բուժհիմնարկի աշխատողին այլ բուժհիմնարկին, որ հետո բուժհիմնարկը աշխատողին վճարի աշխատավարձի տեսքով»:
Եթե որոշումը կիրառվեր, ապա դրա թիրախում, ըստ պաշտոնյայի, հայտնվելու էին ոչ թե սոցիալապես անապահով, այլ ապահով խավի ներկայացուցիչները:
«Փորձնական եղանակով դրվել էր բուժհիմնարկներից մեկում, հետո որոշվեց մարտի մեկից դա համատարած կիրառել: Բայց հետո, հաշվի առնելով, որ մեխանիզմները հստակ չէին, նախարարը որոշեց անվավեր համարել այդ հրամանը և համավճարը հանել», -հավելեց Պողոսյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա