Ա.Սաֆարյան. ՄՄ-ին անդամակցությունը միջնաժամկետ հեռանկարում էապես դրական ազդեցություն կունենա ՀՀ տնտեսության վրա
«Ինտեգրացիա և զարգացում» հկ կողմից նախօրեին հրավիրվել էր «Գազի հարցը հայաստանյան տնտեսության համար» խորագրով Եվրասիական փորձագիտական ակումբի կլոր սեղանը, որի շրջանակում հնչեցին փորձագիտական կարծիքներ և նաև ոլորտի պատասխանատուների հիմնավորումներ գազամատակարարման վերաբերյալ:
Panorama.am-ի հետ զրույցում հկ նախագահ Արամ Սաֆարյանն ասաց, որ կլոր սեղանի նպատակն էր անցկացնել մասնագիտական այնպիսի մակարդակով քննարկում, որ այն կարողանար մեր հասարակության համար պարզ դարձնել թվերը և տնտեսագիտական հիմնավորումները, որոնց վրա կառուցված է գազի քաղաքականությունը Հայաստանում:
«Սա շատ կարևոր հարց է, որովհետև գազը հանդիսանում է Հայաստանի տնտեսության երակը, արյունը և դրա համար այն ունի ռազմավարական նշանակություն: Հայաստանը Ռուսաստանից գազ է ստանում արտահանման ամենաէժան գնով, դրանից ավելի էժան գազ է ստանում միայն Բելառուսը` իբրև միութենական պետություն: Ես կարծում եմ այս իրողությունը պետք է հասկանալ, որովհետև դրա վրա է հիմնված ապագա Եվրասիական միության և այսօրվա Մաքսային միությանն անդամակցելու ՀՀ տնտեսական դրդապատճառներից մեկը»,- նշեց Ա.Սաֆարյանը:
Նրա խոսքով, ՄՄ-ին անդամակցելու դեպքում գազամատակարարման ոլորտում հինգ տարվա ընթացքում տնտեսական էֆեկտը կկազմի շուրջ 2 մլրդ դոլար, որից 1 մլրդը կարող են լինել այն շահույթները, որոնք ստացվել են առանց մաքսային արգելքների համագործակցության կոնտեքստում:
Բացի այս, Ա.Սաֆարյանը, վկայակոչելով «Գազպրոմ Հայաստան» ընկերության փոխտնօրենի խոսքերին նշեց, որ դա կփրկի նաև Հայաստանի գազային համակարգը, որն այսօրվա դրությամբ ունի բազմաթիվ խնդիրներ. «Սա է, որ շատ կարևոր է հասկանալ»:
Ինչ վերաբերում է այն հարցին, որ մասնագիտա-փորձագիտական հիմնավորումները, իհարկե, հասկանալի են, բայց հասարակությունը բողոքում է, քանի որ ՀՀ սոցիալ-տնտեսական ներկայիս իրավիճակում գինը, այդուհանդերձ, շատ բարձր է, Ա.Սաֆարյանն ասաց, որ տնտեսագետները նույն կարծիքին են, որ եթե գազամատակարարման համակարգը Հայաստանում հարաբերական ավելի էժան է, քան ԵՄ երկրներում ու նույնիսկ նախկին ԽՍՀՄ մերձբալթյան երկրներում, ապա Հայաստանի միջին սպառողի եկամուտների իմաստով այն բավականին թանկ է:
«Բայց կա միայն մի ճանապարհ այս հարցերը կարգավորելու` երկրի տնտեսական զարգացում: Հետևաբար, պետք է գտնել տնտեսական զարգացման համար լավագույն հնարավորություն տվող միջոցներ: Մեր կարծիքով, ՄՄ-ին անդամակցությունը միջնաժամկետ հեռանկարում էապես կարող է դրական ազդեցություն ունենալ Հայաստանի տնտեսության վրա: Ես դա ասում եմ որպես նախնական հաշվարկ, հիմնվելով նաև մեր խմբի կողմից աշնանը իրականացրած հետազոտությունների արդյունքների վրա: Բայց քանի որ կարիք կա լրջորեն ու պարբերաբար կատարել կանխատեսումներ, դրա համար էլ մենք, տնտեսությունը զարգացնելուն ուղղված բոլոր քայլերը կվերցնենք մեր փորձագիտական եզրակացության ուշադրության տակ»,- հավելեց նա:
Ա.Սաֆարյանը տեղեկացրեց նաև, որ առաջիկայում փորձագիտական մեկ այլ կլոր սեղան կհրավիրվի, որում կքննարկվի Մաքսային միությանը Հայաստանի միանալու տնտեսական հիմնավորումները:
Նախորդիվ`
Առաջիկա հինգ տարիներին Հայաստանի գազասպառողները կխնայեն շուրջ 1 մլրդ դոլար. Կ.Մովսիսյան