Ոչինչ չակնկալելով՝ Ռոման Պոլանսկին արժանացել է «Սեզար» մրցանակի
«Սեզար» կինոմրցանակաբաշխության «Լավագույն ռեժիսոր» անվանակարգում հաղթող է ճանաչվել Ռոման Պոլանսկին «Վեներան մուշտակով» («Venus in Fur») ֆիլմի համար: Սա արդեն 80-ամյա ռեժիսորի չորրորդ «Սեզար» մրցանակն է:
«ԻՏԱՌ-ՏԱՍՍ-»-ի փոխանցմամբ, հետաքրքրականն այն է, որ արարողությանը ժամանելիս ռեժիսորն ասել է. «Ընդհանրապես ոչինչ չեմ ակնկալում, կան ավելի արժանի մարդիկ»:
«Սեզարի» պատվավոր մրցանակի է արժանացել Սկարլետ Յոհանսոնը: Իր դերասանական կարիերայի ընթացքում նա խաղացել է չորս տասնյակից ավելի ֆիլմերում:
«Ավելի քան 20 տարի կինոյում լինելուց հետո ես էլ ավելի եմ սիրում դերասանուհու իմ աշխատանքը»,- ասել է նա՝ ստանալով ֆրանսիական մրցանակաբաշխության արձանիկը:
«Լավագույն ֆիլմ» է ճանաչվել «Ես, կրկին ես և մայրիկը» ժապավենը:
Ֆրանսիական ազգային «Սեզար» մրցանակաբաշխությունը կայացել է նախօրեին: Այն անցկացվում է 1976 թվականից: