«Օգնում է ժողովրդին վերաճանաչելու կամ իսկապես ճանաչելու իրեն». Խեչոյանի վերջին վեպը
«Ոտքից գլուխ հայրենասեր մարդու գիրք է, որ ամենաշատն է մտածել մեր երկրի ու պետականության ամրապնդման մասին»: Լևոն Խեչոյանի «Մհերի դռան գիրքը» վեպի մասին է խոսքը: Գիրքն արդեն հայ ընթերցողի սեղանին է:
Գիրքը տպագրել է «Անտարես» հրատարակչությունը, որի տնօրեն Արմեն Մարտիրոսյանի խոսքով, նախատեսել են տպագրել 2000 օրինակով, սակայն դեռ ամբողջ տպաքանակը պատրաստ չէ:
Հրատարակչությանը գիրքը հետաքրքրել է գրողից սկսած, թեմայից վերջացրած:
«Խեչոյանի հետ ծանոթացել եմ մոտ երկու տարի առաջ, շատ պատահական: Մեր զրույցից հետո «Արշակ Արքա, Դրաստամատ ներքինի» գիրքը որոշեցինք տպագրել: Մի քանի օր անց ինքն ասաց` իմ նոր վեպը դուք պիտի տպագրեք: Վեպը գրվել է 15 տարուց ավելի: Կարծում եմ մեր մասին է: Մտորումների, վերափոխվելու սկիզբ է հանդիսանալու»,- Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանը:
Գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանի բնորոշմամբ, այս վեպում Խեչոյանը հավատարիմ է մնացել իրեն:
«Ինքն իր վեպերից մեկում գլուխ ունի` «Նամակ»: Ես կուզեի, որ այս վեպն ընկալենք որպես նամակ մեզ: Ունենանք անընդհատ մեր ձեռքին այս գիրքը` ճանապարհ գնալիս, որդի ունենալիս, մեր երկրի, ժողովրդի համար ինչ-որ քայլ անելիս: Այս վեպում Խեչոյանը ձգտել և իրականացրել է ամենակարևոր բանը` սա գաղափարի վեպ է, ճանապարհի վեպ է: Օգնում է ժողովրդին վերաճանաչելու կամ իսկապես ճանաչելու իրեն: Այդ ճանաչման ընթացքն է, որ բերելու է վաղվա մեր հաղթանակներին, լավ ապագային»,- ասաց գրականագետը:
Գրողների միության նախագահ Էդուարդ Միլիտոնյանն էլ նշեց, որ Լևոն Խեչոյանի գրքերի մտածողությունն իմանալով, կարող է ասել, որ նա քննող, երկխոսող, մենախոսող հեղինակ էր:
«Էպոսի հետ տուրևառնելն ինձ թվում է հետաքրքիր գիրք ստեղծած կլինի»,- մեզ հետ զրույցում ասաց Միլիտոնյանը:
Նա նշեց, որ Լևոն Խեչոյանը մեր այն արձակագիրներից է և այն արձակի դպրոցն է շարունակել, որը հայրենի հարուստ շերտեր է ընդգրկում. «Ամեն ինչ չէ, որ արձակը պիտի նկարագրի, շատ բան թողնվում է տողատակերում, տողերի արանքում, այս ընդհատական ոճը ինքը նաև բանաստեղծորեն օգտագործում էր: Պատմվածքներն ինքնին գաղտնիք էին պարունակում, հետո շարունակվում էր` ինչպե՞ս կլինի, ոնց և դա արդեն խոսում էր ընթերցողի հետ»:
Նախորդիվ`
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները