Սարգիս Քլոյան. «Ճյուղը, որի վրա նստած են մարդասպանները, չեն կտրի»
Մարտի մեկի իրադարձությունների մեղավորների բացահատումն ու նրանց պատիժը կրելն առաջին հերթին զոհ տված տաս ընտանիքների թիվ մեկ պահանջն է: Պահանջ, որ արդեն վեց տարվա կյանք ունի:
«Սպանողն ինքն իրեն չի բացահայտի: Այն ճյուղը, որի վրա նստած են մարդասպանները, երբեք չեն կտրի»,- ասում է Մարտի 1-ի զոհերից Գոռ Քլոյանի հայրը` Սարգիս Քլոյանը:
Panorama.am-ի հետ զրույցում նա նշեց, որ իրենց պահանջը նախ սպանությունների բացահայտումն է, հետո միայն բարոյական վնասի փոխհատուցումը:
«Բարոյական վնասը երկրորդական հարց է: Մեր բարոյական վնասի համար մենք նաև Եվրադատարան ենք դիմել, իսկ առանջահերթ խնդիրը սպանությունների բացահայտումն է: Մենք` զոհերի հարազատներս, փոխհատուցման հարցը երբեք չենք բարձրացրել, մենք միայն բացահայտում և պատիժ ենք պահանջում, իսկ փոխհատուցման մասին քաղաքական ուժերն են բարձրաձայնել»,- ասաց նա:
Մարտի մեկի զոհերի ընտանիքների փոխհատուցման հարցը Ազգային ժողովի այս քառօրյայի ընթացքում բարձրացրեց ՀԱԿ պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը:
«Մարտի 1-ից առաջ նպաստներ տրամադրեիք այն մարդկանց ընտանիքներին ու երեխաներին, որոնք որբ են մնացել: Դրանով դուք շատ ավելի մեծ գործ կանեիք»,- դիմելով ՀՀԿ-ականներին հայտարարել էր նա ու հավելել, որ համոզված է՝ մարտի 1-ի իրադարձությունների բոլոր հանգամանքները կբացահայտվեն այն ժամանակ, երբ ՀՀԿ-ն հեռանա իշխանությունից:
Արզումանյանի այս հայտարարությանն իր ելույթում արձագանքել էր ՀՀԿ պատգամավոր Մարգարիտ Եսայանը: Նա ողջունել էր այդ միտքն ու ցանկություն հայտնել որ զոհերի ընտանիքներին փոխհատուցում տրվի:
Panorama.am-ի թղթակիցը պատգամավորից հետաքրքրվեց, թե արդյոք կտեղափոխի իր առաջարկը գործնական դաշտ: Մարգարիտ Եսայանն արձագանքեց, որ ներկայացնում է մեծամասնությունը և հարցը պետք է մեծամասնության հետ քննարկվի:
«Դա իմ անձական ցանկությունն է»,- ասաց նա:
Նշենք, որ Կառավարությունը 2011 թվականին մերժել էր «Ժառանգություն» խմբակցության առաջարկը` մարտի 1-ի զոհերի հարազատներին բյուջեից 500 միլիոն դրամի փոխհատուցում հատկացնելու վերաբերյալ:
Այն ժամանակ Սարգիս Քլոյանը հայտարարել էր` եթե կառավարությունը որոշեր փոխհատուցել, ստացվում է` կընդուներ, որ իրենց որդիները մահացել են իշխանությունների մեղքով:
Նշենք, նաև, որ ժամանակին Ազգային ժողովի օրակարգում դրված էր «Բռնությամբ կատարված հանցագործությունների զոհերին» փոխհատուցելու մասին եվրոպական կոնվենցիայի ընդունման հարցը, որով մարտի 1-ի զոհերի իրավահաջորդներին որոշակի փոխհատուցում կտրամադրվեր: Սակայն այդ կոնվենցիայի ընդունումը կասեցվեց, ինչն ընդդիմադիր քաղաքական գործիչները խայտառակություն էին որակել Ազգային ժողովի և պետության համար:
2008-ի մարտի 1-ի տասը զոհերն են` Տիգրան Խաչատրյան, Զաքար Հովհաննիսյան, Գոռ Քլոյան, Հովհաննես Հովհաննիսյան, Դավիթ Պետրոսյան, Արմեն Ֆարմանյան, Սամվել Հարությունյան, Տիգրան Աբգարյան (զինծառայող), Գրիգոր Գևորգյան, Համլետ Թադևոսյան (ոստիկանության ծառայող):
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան