Ալ.Սպենդիարյանի տուն-թանգարանում «Բարեկենդան»-ին նվիրված միջոցառում է անցկացվելու
Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանի դահլիճում այսօր տեղի կունենա հայկական ավանդական «Բարեկենդան» տոնին նվիրված միջոցառում,- Panorama.am-ի հետ զրույցում տեղեկացրեցին տուն-թանգարանից:
Տոնի խորհուրդը կներկայացնի հաղորդավար, ազգագրագետ Սոնիա Թաշչյանը: Մասնակիցները գինով կհամտեսեն տոնածիսական «Փաթիլա» ուտեստը: Միջոցառումը կուղեկցվի «Բարեկենդանին» հատուկ տոնածիսական երգով, պարով ու խաղերով:
Միջոցառումը տուն-թանգարանի կողմից կազմակերպվող Հայկական ավանդական տոնածիսական միջոցառումների շարքից է: Հիշեցնենք, որ Ալ. Սպենդիարյանի տուն-թանգարանը փետրվարի 15-ին կազմակերպել էր միջոցառում` նվիրված սիրո հովանավոր Սբ. Սարգսի տոնին:
«Թանգարանը մշակութային օջախ է, եկեղեցական տոներից հեռու է լինում: Մենք էլ որոշեցինք հայկական տոները բերել նաև թանգարան: Մեր այս նախաձեռնությունը երիտասարդներին թանգարան բերելու ևս մեկ քայլ է»,- ավելի վաղ մեզ հետ զրույցում ասել էր տուն-թանգարանի տնօրեն Մարինե Օթարյանը:
Նշենք, որ վաղը նշվելու է Բուն բարեկենդանի տոնը: Սովորաբար, Բարեկենդան է կոչվում շաբաթապահքերի և Մեծ պահքի նախընթաց օրը: Բարեկենդանին թույլատրվում են չափավոր վայելքներ, խրախճանքներ, խաղեր և ուտեստներ` ի հետևություն Եղիային ուղղված հրեշտակի խոսքի. «Ելիր, կեր, որովհետև երկար ճանապարհ ես գնալուե (Թագ. 19:7): Բարեկենդան բառացի նշանակում է կենդանություն, բարի, անհոգ և երջանիկ կյանք:
Մեծ պահքի բարեկենդանը կոչվում է Բուն Բարեկենդան, քանի որ նախորդում է ամենաերկար պահքին: Բարեկենդանը մարդու երջանկության հիշատակն է, որը դրախտում վայելում էին Ադամն ու Եվան: Այն նաև դրախտային կյանքի օրինակն է, որտեղ մարդուն արտոնված էր ճաշակել բոլոր պտուղները, բացառությամբ բարու և չարի` գիտության ծառի պտղից, որը պահքի խորհրդանիշն է: Բարեկենդանն առաքինությունների արտահայտություն է: Այդ օրը մարդիկ սգից անցնում են ուրախության, չարչարանքից` խաղաղության: Այս ընկալմամբ է, որ յուրաքանչյուր քրիստոնյա հոգու խոնարհումով, ապաշխարությամբ, պահքով և ողորմության հույսով սկսում է Մեծ պահքի 40-օրյա ճանապարհը: Այն տևում է 48 օր՝ Բուն Բարեկենդանից մինչև Ս. Հարության՝ Զատիկի տոնը, որն այս տարի նշվելու է ապրիլի 20-ին:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները