«Ոչ Պուտինի կայսերապաշտությանը». Երթ Երևանի կենտրոնով
Մյասնիկյանի հուշարձանի մոտ 2008-ի մարտի 1-ի զոհերի հիշատակին հարգանքի տուրք մատուցելուց հետո քաղաքացիները երթ են սկսել դեպի Բաղրամյան 26: Երթի մասնակիցները, ինչպես տեղեկացրեց իրավապաշտպան Արթուր Սաքունցը, մեկ պահանջ ունեն` բացահայտել մարտյան զոհերի հեղինակներին:
«Մարտի 1-ը այսօր պատնեշ է մեր և մեր ապագայի միջև: Այսօրվա մեր բողոքի ցույցը ոչ միայն հիշատակ է մեր զոհվածներին, այլև պահանջ է, որպեսզի բացահայտվեն հանցագործությունները: Պահանջն ուղղված է միջազգային հանրությանը: Մենք մեր բողոքն ենք արտահայտում նաև Ռուսաստանի նախագահ Պուտինի հանդեպ, որ հովանավորեց այդ ոճրագործությունները վեց տարի առաջ Երևանում և այսօր նույնը կատարում է Մայդանում», -երթից առաջ հայտարարեց Դավիթ Շահնազարյանը` ընդգծելով, որ իրենց պայքարը ոչ թե Ռուսաստանի դեմ է, այլ` Պուտինի:
Երբ երթի մասնակիցները «Ոչ Պուտինի կայսերապաշտությանը» կարգախոսներով հասան ՀՀ-ում Ռուսաստանի դեսպանատան մոտ, կանգ առան, և Դավիթ Շահնազարյանը դարձյալ բարձրախոսով կրկնեց իր` ավելի վաղ ասած մտքերը ու հավելեց. «Պուտինը Ռոբերտ Քոչարյանի հետ միասին մեղավոր է Երևանում 2008-ի մարտի 1-ին մարդկության դեմ կատարված հանցագործության համար: Պուտինը մեղավոր է Կիևում կատարված սպանությունների համար: Մենք քննադատում ենք Ուկրաինայի նկատմամբ Պուտինի ագրեսիան»:
Տեսանյութը` քիչ անց
Նախորդող հրապարակում`
Քաղաքացիները հարգում են մարտի 1-ի զոհերի հիշատակը
Լրահոս
Տեսանյութեր
18-20 տարեկան տղաներն իրենց կյանքի գնով Արցախում կանխել են ցեղասպանություն. Հովիկ Ավանեսով