Զավեն Իգիթյանը` Եվրոպայի պատանեկան չեմպիոն
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Հայաստանի հրաձգության հավաքականն այս օրերին Մոսկվայում մասնակցում է Եվրոպայի պատանեկան առաջնությանը, որում խաղարկվում են պատանեկան Օլիմպիական խաղերի ուղեգրեր: Երեկ առաջին ուղեգիրն ապահովեց Հրաչիկ Բաբայանը, սակայն դա մեր հավաքականի միակ հաջողությունը չէ:
Այսօր oդամղիչ ատրճանակ, 10 մ, 60 կրակոց վարժությունում Զավեն Իգիթյանը 571 միավորով զբաղեցրել է եզրափակիչ ութնյակի 5-րդ հորիզոնականը: Նշենք, որ վարժությանն ընդհանուր թվով մասնակցել են 43 մարզիկներ: Օլիմպիական ուղեգիր կարող էին ձեռք բերել 1-6-րդ տեղերը գրաված մարզիկները:
Եզրափակչին մասնակցել են 5 երկիր ներկայացնող 8 մարզիկներ, և յուրաքանչյուր երկիր կարող էր հավակնել միայն մեկ ուղեգրի: Նշանակում է, որ, անկախ եզրափակչի արդյունքից, հայ հրաձիգն արդեն տիրացել էր խաղարկվող ուղեգրերից մեկին:
Զավեն Իգիթյանը, սակայն, չի բավարարվել սոսկ ուղեգրով և շարունակել է պայքարը: Արդյունքում նա անպարտելի է ճանաչվել եզրափակչում ու նվաճել Եվրոպայի պատանեկան առաջնության չեմպիոնի կոչումը` վաստակելով 200,0 միավոր: Երկրորդ տեղում Պավլո Կորոստյլովն է (Ուկրաինա, 198,4 միավոր), երրորդում` Ալեքսանդր Թոդորովը (Բուլղարիա, 177,6):
Այսպիսով` Հրաչիկ Բաբայանն ու Զավեն Իգիթյանը օգոստոսին Նանջինգում կայանալիք պատանեկան Օլիմպիական խաղերում կներկայացնեն Հայաստանի Հանրապետությունը:
Հայաստանի հրաձգության հավաքականի գլխավոր մարզիչն է Սեյրան Նիկողոսյանը: Զավեն Իգիթյանը Զինաիդա և Յուրի Սիմոնյանների հրաձգության մարզադպրոցի և ՀՀ կրթության ու գիտության նախարարության հրաձգության հանրապետական մարզադպրոցի սան է: Նրա անձնական մարզիչը հայրն է` Խորեն Իգիթյանը, ում panorama-am-ի թղթակիցը խնդրեց կիսվել իր տպավորություններով:
- Նախ ասեմ, որ մասնակցում էին մեծ թվով պետությունների ներկայացուցիչներ,- նշեց Խորեն Իգիթյանը:- Պետություններ, որոնք մարզիկների նախապատրաստման գործում ոչ մի խոչընդոտ չունեն և կարողանում են ստեղծել արտակարգ պայմաններ: Զավենի հաղթանակն այս տեսանկյունից կրկնակի արժեքավոր է:
Պատկերացրեք` Եվրոպային, ընդհանուր առմամբ, տրվել էր 24 տեղ: Եթե նկատի ունենանք, որ մրցումներում 4 վարժություն է ընդգրկված, հասկանալի կլինի, որ յուրաքանչյուր վարժությունից 6 մարզիկներ կարող էին Օլիմպիական ուղեգիր ստանալ: Ընդհանուր մրցումներում Զավենն արդեն ուղեգիր նվաճեց, իսկ այնուհետև զարգացրեց հաջողությունը եզրափակչում` 8 մասնակիցների մեջ գրավելով առաջին տեղը և հռչակվելով Եվրոպայի պատանեկան չեմպիոն: Զավենի վաստակած միավորները պատվաբեր են նաև մեծահասակների առաջնության համար, և ես հուսով եմ, որ որդիս կշարունակի կատարելագործվել և ապագայում ավելի մեծ հաջողություններ կարձանագրի: Սա ինձ համար ուրախության ու հպարտության պահ է, բայց այն մենք երբեք չէինք ապրի առանց այն լուրջ հովանավորության, որն ստացել ենք:
Ես թոշակառու եմ, կինս չի աշխատում: Ստացվում է, որ ինքնուրույն չէինք կարող ապահովել մարզումային համապատասխան պայմաններ: Սկզբում Վարդան Բալայանն էր զենք ու զինամթերք գնում, տրամադրում բազա` պարապմունքների համար: Այնուհետև այդ գործն ստանձնեց «Քրոնիմետ» (CRONIMET) ընկերությունը` ապահովելով զարգացման բոլոր հնարավորությունները և վճարելով նաև ուսման վարձը: Ես շատ բարձր եմ գնահատում «Քրոնիմետի» կատարած գործը և հուսով եմ, որ նրա հովանավորությամբ Զավենն առաջիկա մրցաշարերում` աշխարհի գավաթի մրցումներում, աշխարհի առաջնությունում ու պատանեկան Օլիմպիական խաղերում կրկին գերազանց արդյունքներ կարձանագրի: