Արագածոտնի մարզի Օհանավան և Կարբի գյուղերի խնձորի այգիների ոռոգման խնդիրը
ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանի մոտ նախօրեին կայացած խորհրդակցության ընթացքում քննարկվել է Արագածոտնի մարզի Օհանավան և Կարբի գյուղերի խնձորի այգիների ոռոգման խնդիրը, հաղորդում են Տարածքային կառավարության նախարարության մամուլի բաժնից:
Խորհրդակցությանը մասնակցում էին Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը, Բնապահպանության նախարարության, ՏԿՆ ջրային տնտեսության պետական կոմիտեի ներկայացուցիչներ, Օհանավան և Կարբի համայնքների ղեկավարները, տարածքն սպասարկող «Քասախ» ջրօգտագործողների ընկերության (ՋՕԸ) գործադիր տնօրենը:
Պատասխանատուները փոխվարչապետին զեկուցել են, որ Արզնի –Շամիրամ մայր ջրանցքի դոտացիոն ջրատարի վրա նախատեսվող էներգետիկ ծրագրի իրականացման համար ջրօգտագործման թույլտվություն է տրվել միայն այն պայմանով, որ բոլոր ծրագրերն իրականացվեն բացառապես ոռոգման ռեժիմով:
Տեղեկացվել է, որ «Քասախ» ՋՕԸ-ի կողմից այգիների ոռոգման համար տարեկան մոտ 17-18 մլն խմ ջուր է օգտագործվում, Ապարանի ջրամբարում կուտակված ջրի մնացած մասն արագահոս համակարգով ուղղվում է Արարատյան դաշտավայրի և Արագածոտնի մարզի այլ տարածքների ոռոգմանը: Ապարանի ջրամբարի նախագծային հզորությունը 90 մլն խմ է, և ջրամբարում հիմնականում միշտ կուտակվում է ջրի ավելի մեծ ծավալ, քան անհրաժեշտ է միայն այգիների ոռոգման համար: Ըստ ոլորտի պատասխանատուների` անգամ էներգետիկ ծրագրի իրականացման դեպքում անհանգստությունը, որ կուտակված ջուրը կարող է սպառվել կարճ ժամանակահատվածում, տեղին չէ, քանի որ ջրառ ընկերությունը ջրօգտագործումը պլանավորում է ոռոգման ողջ շրջանի համար` ապրիլից մինչև սեպտեմբեր ներառյալ:
Ինչ վերաբերում է բնակիչների մտահոգությունը հարուցած խողովակների տրամաչափին, ապա արձանագրվել է, որ անկախ դրանց չափից` արագահոս համակարգ է ուղղվում միայն դոտացիոն, ոչ թե «Քասախ» ՋՕԸ-ի համար հատկացվող ջուրը:
Փոխվարչապետը լսելով պարզաբանումները` արձանագրեց, որ կառավարությունը մտադիր չէ իրականացնել որևէ ծրագիր, որը կարող է անգամ նվազագույն չափով վնաս հասցնել նշված համայնքներում գյուղատնտեսության զարգացմանը:
Նա նաև առաջարկել է ստեղծել աշխատանքային խումբ, որի կազմում կընդգրկվեն այգիները սպասարկող «Քասախ» ՋՕԸ-ի, ջրառ ընկերության, Օհանավան և Կարբի համայնքների և էներգետիկ ծրագիրն իրականացնող ընկերության ներկայացուցիչներ` ծրագրի քննարկման և իրականացման գործընթացը վերահսկելու նպատակով:
Լրահոս
Տեսանյութեր
18-20 տարեկան տղաներն իրենց կյանքի գնով Արցախում կանխել են ցեղասպանություն. Հովիկ Ավանեսով