«Վերահսկվելու է բժշկական սպասարկման որակը»
Այսուհետ բոլոր բժշկական հաստատություններում` պոլիկլինիկաներից մինչև խոշոր հիվանդանոցներ վերահսկվելու է բժշկական սպասարկման որակը, ինչը մինչ օրս չի եղել,-լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Առողջապահական պետական տեսչության պետ Արտակ Սահակյանը` ներկայացնելով ընդամենը հաշված ամիսներ գործող տեսչության հիմնական գործառույթները:
Պաշտոնյան նշեց` տեսչության հիմնական գործառույթը ստվերի կրճատումն է, բուժհաստատությունների աշխատակիցների իրավունքների պաշտպանությունը, նաև քաղաքացիների բողոքներին արձագանքելը.
«Ստուգումները, որ իրականացնելու է տեսչությունը, երկու տեսակի են. նախ, որոշվելու են առավել ռիսկային օբյեկտները ըստ նախորդ տարվա ցուցանիշների,ապա, եթե լինեն բողոք-ահազանգեր` վարչական վարույթների շրջանակներում այդ հաստատությունները ենթարկվում են ստուգումների»,- տեղեկացրեց Ա.Սահակյանը:
Նշենք, որ տեսչությունը ստեղծվել է ԱՆ պետական հիգիենիկ և համաճարակային տեսչության և ՀՀ Աշխատանքի պետական տեսչության վերակազմակերպման արդյունքում, ինչը միտված է նրան, որ երկու տեսչություններ այլևս նույն տնտեսվարող սուբյեկտի մոտ չգնան ստուգում իրականացնելու, ինչպես եղել է դա նախկինում: Թեև Ա.Սահակյանն ասաց, որ ռիսկեր բացառել չի կարող և չի կարող հստակ ասել, որ տեսչության գործունեությունը կբերի բոլոր թերությունների, այդ թվում և կոռուպցիոն, բացառմանը: Բայց արդյունավետության մեջ չի կասկածում, ինչը նաև վկայում է այն փաստը, որ գործունեության մի քանի ամիսների ընթացքում արդեն 30-ից ավելի բողոքների հիման վրա վարույթ են սկսել:
Ա.Սահակյանը տեղեկացրեց նաև, որ հիմա տեսչությունը մոնիթորինգ է իրականցնում Հայաստանի բժշկական հաստատություններում և պոլիկլինիկաներում: Իսկ առաջիկայում նախատեսվում են իրավական ակտերի մի շարք փոփոխություններ տեսչության գործունեությունն առավել արդյունավետ կազմակերպելու նպատակով:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա