Կանխատեսվում է տաք, բայց տեղումներով առատ մարտ
Հայաստանում այս ամսին օդի ջերմաստիճանը կլիմայական նորմայից 1-2 աստիճանով բարձր կլինի, իսկ տեղումների քանակն էլ կանխատեսվում է նորմայից շատ: Սա ԱԻՆ Հիդրոմետ ծառայության պետի տեղակալ Գագիկ Սուրենյանի այսօրվա կանխատեսումն է:
Կանխատեսվում է, որ մինչև մարտի 7-ը Հայաստանում տաք օդային հոսանքների ներհոսքը կշարունակվի և օդի ջերմային ֆոնը կպահպանվի, մարտի 8-ին ցերեկային ժամերին Լոռու, Տավուշի և Սյունիքի մարզերում 8-10 աստիճանով ջերմաստիճանը կնվազի, այնուհետև նորից կբարձրանա:
Գ. Սուրենյանի խոսքով, փետրվարի 10-ից մինչ օրս Հայաստանն անդադար գտնվել է հարավից ներթափանցող արևադարձային տաք օդային հոսանքների ներքո, որի պատճառով ջերմաստիճանը 6-10 աստիճանով բարձր է եղել նորմայից: Մարտի 3-ին Արարատյան դաշտում դիտվել է 19 աստիճան տաքություն, որը գերազանցել է 2002-ի ռեկորդային չափը:
Պայմանավորված բարձր ջերմաստիճանով` ըստ Հիդրոմետ ծառայության պետի տեղակալի, Սյունիքի, Տավուշի մարզերում, Արարատյան դաշտավայրում ծիրանենին ու սալորենին արդեն բողբոջել են, ինչը 15-20 օր շուտ է միջին ժամկետից, սակայն ցրտահարության մասին խոսելը դեռ վաղ է:
«Եթե ծառերը շուտ են բողբոջում, ապա ցրտահարության վտանգ կա: Բայց մենք դեռ չենք կարող կանխատեսել՝ կլինի ցրտահարություն, թե՝ ոչ»,- ասաց նա: