«Գառնու» հարց. Մշակույթի նախարարությունն անհրաժեշտ փաստաթղթերը կներկայացնի համայնքին
Նախօրեին փոխվարչապետի մոտ կայացած խորհրդակցության ընթացքում քննարկվել են «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանի տարածքում Մշակույթի նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի կողմից իրականացվող աշխատանքների հետ կապված հարցեր:
Տարածքային կառավարման նախարարության մամուլի բաժնից հայտնում են, որ քննարկումների արդյունքում որոշվել է , որ բոլոր գործընթացները կիրականացվեն Հողային օրենսգրքով և «Քաղաքաշինության մասին» օրենքով սահմանված ընթացակարգերի համաձայն, և պայմանավորվածություն ձեռք է բերվել, որ Մշակույթի նախարարությունն անհրաժեշտ փաստաթղթերը կներկայացնի համայնքին:
Փոխվարչապետն, անդրադառնալով խնդրի շուրջ ստեղծված իրավիճակին, կարևորել է պետական, տարածքային և տեղական ինքնակառավարման մարմինների միջև համագործակցված աշխատանքը` առաջարկելով ի հայտ եկող խնդիրները լուծել համատեղ աշխատանքային քննարկումների ընթացքում:
Խորհրդակցությանը մասնակցում էին Կոտայքի մարզպետը, Մշակույթի, Քաղաքաշինության, Տարածքային կառավարման նախարարությունների ներկայացուցիչներ, Գառնիի համայնքապետը: