Ցեղասպանություն տեսած որբի հագուստը
ԱՄՆ-ի «Արարատ Էսքիջյան» թանգարանում մարտի 22-ին տեղի է ունենալու Ցեղասպանության վերաբերյալ կոնֆերանս՝ բացահայտելու պատմական մասունքները: Այս մասին տեղեկացնում է «Ասբարեզ» պարբերականը:
Կոնֆերանսին մասնակցելու են կինոռեժիսոր Բարեդ Մարոնյանը, բրիտանացի լրագրող Ռոբերտ Ֆիսկին, պրոֆեսոր Վահագն Տատրյանը, դոկտոր Հայկ Դեմոյանը, Այշե Գունայսուն, Միսաք Քելեշյանը, Շանթ Մարտիրոսյանը, դոկտոր Ռուբինա Փիրումյանը և պրոֆեսոր Վահրամ Շեմասյանը :
Իր վավերագրական ֆիլմի համար ուսումնասիրելով Հայոց ցեղասպանության որբերի պատմությունները` Մարոնյանը հայտնաբերել է Հաճընի (այժմ հայտնի է որպես Saimbeyli), որբերից մեկին պատկանող հագուստը: Այդ զգեստը հիմա գտնվում է Ինդիանայի՝ Բեթելի քոլեջի գրադարանում:
«Հագուստը պատկանում է որբին, ով տեսել է 1909թ. Ադանայի ջարդը և Ադանայից տեղափոխվել Հաճըն: Նա ապաստան է գտել Հաճընի առաքելության տակ գտնվող միացյալ մանկատանը, որը ղեկավարում էր Հյուսիսամերիկյան մենոնիտների ժողովը»,-նշել է Մարոնյանը:
Հաճընի մանկատունը շարունակական սպառնալիքների և ճնշումների է ենթարկվել օսմանյան իշխանությունների կողմից՝ գործունեությունը դադարցնելու համար:
«Զգեստը կարծես կրել է 7տարեկան որբը աղջիկ կամ տղա, որը Հայոց ցեղասպանության շոշափելի մասունք է: Եթե ուշադիր նայես հագուստին զարմանում ես, ինչի միջով են անցել ցեղասպանության ժամանակ երեխաները և ինչպես է միայն մի մասը կարողացել վերապրել, մինչդեռ շատերին սպանել են, կամ նրանք սովի և հիվանդության մեջ են եղել»,-նշել է Մարոնյանը:
Հիշեցնենք, որ Ադանայի կոտորածին զոհ գնաց շուրջ 30000 մարդ, որից ավելի քան 20000-ը՝ Ադանայի վիլայեթում։ Ավիրվեցին ու հրկիզվեցին տասնյակ հայաբնակ քաղաքներ ու գյուղեր։
Թուրքիան ավանդաբար հերքում է 20-րդ դարի սկզբին շուրջ 1.5 մլն հայերի զանգվածային ոչնչացման մեղադրանքները:
Հայոց ցեղասպանությունն (Armenian Genocide) արդեն ճանաչել և դատապարտել են Ուրուգվայը (1965թ.), Կիպրոսի Հանրապետությունը (1982թ.), Արգենտինան (1993թ.), Ռուսաստանի Դաշնությունը (1995թ.), Կանադան (1996թ.), Հունաստանը (1996թ.), Լիբանանը (1997թ.), Բելգիան (1998թ.), Իտալիան (2000թ.), Վատիկան (2000թ.), Ֆրանսիան (2001թ.), Շվեյցարիան (2003թ.), Սլովակիան (2004թ.), Հոլանդիան (2004թ.), Լեհաստան (2005թ.), Գերմանիան (2005թ.), Վենեսուելան (2005թ.), Լիտվիան (2005թ.), Չիլին (2007թ.), Շվեդիան (2010թ.): Հայոց Ցեղասպանությունը ճանաչել են նաև Վատիկանը, Եվրախորհուրդը և Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը:
Լրահոս
Տեսանյութեր
18-20 տարեկան տղաներն իրենց կյանքի գնով Արցախում կանխել են ցեղասպանություն. Հովիկ Ավանեսով