«Կասկածում եմ, որ մշակույթի նախարարը հեղինակին անուն-ազգանունով գիտի». Հայկ Գալստյան
Մարտի 7-ին լրանում է Հայաստանի վաստակավոր նկարիչ Սիմոն Գալստյանի ծննդյան 100-ամյակը: Այդ առիթով Նարեկացի արվեստի միությունում հենց այդ օրը կազմակերպվելու է Սիմոն Գալստյանի աշխատանքների անհատական ցուցահանդեսը:
Panorama.am-ի հետ զրույցում վաստակավոր նկարչի որդին՝ Հայկ Գալստյանն ասաց, որ Նարեկացի արվեստի միությունում ցուցադրվելու է մոտ 15 էտյուդ, որոնք ամբողջական պատկերացում չեն կարող տալ նկարչի ողջ ստեղծագործական գործունեության մասին:
«Նարեկացի արվեստի միությունից առաջարկություն եղավ կազմակերպել ցուցահանդես: Տարածքը փոքր է, հազիվ 15 էտյուդներ կկարողանանք ցուցադրել»,- ասաց նա:
Հայկ Գալստյանը նշեց, որ ինքը և իր եղբայրը պատրաստվում էին մեծ ցուցահանդես կազմակերպել Ս. Գալստյանի 100-ամյակի կապակցությամբ, սակայն տեխնիկական խնդիրների պատճառով չեն կարողացել հասցնել հենց նրա ծննդյան օրը ի կատար ածել այդ մտադրությունը:
«Ուզում էինք կազմակերպել մեծ ցուցահանդես՝ ներկայացնելով վաստակավոր նկարչի մոնումենտալ աշխատանքները, դեռևս չցուցադրված գործերը՝ բացահայտելով նրա ողջ էությունը: Սակայն չհասցրեցինք: Դա պետք է լիներ կամ Ազգային պատկերասրահում, կամ Նկարիչների միությունում, կամ էլ թանգարաններից որևէ մեկում»,- ասաց նկարչի որդին՝ միաժամանակ հավելելով, որ ինքն իր ուժերով կաշխատի տարվա ընթացքում կազմակերպել այդ ցուցադրությունը:
Ըստ Հայկ Գալստյանի, մշակույթի նախարարության պարտականությունն է հետևել ու արվեստագետների հոբելյաններին նվիրված միջոցառումներ, ցուցահանդեսներ կազմակերպել:
Պատասխանելով մեր հարցին, թե արդյո՞ք մշակույթի նախարարությունը չի կազմակերպելու միջոցառում նվիրված վաստակավոր նկարիչի 100-ամյակին, նա ասաց. «Համենայնդեպս ինձ չեն զանգահարել ոչ մշակույթի նախարարությունից, ոչ էլ Նկարիչների միությունից: Կասկածում եմ, որ մշակույթի նախարարը հեղինակին անուն-ազգանունով գիտի, թե չէ»:
Հայկ Գալստյանը նաև ասաց, երբ 2007 թ. Սիմոն Գալստյանի աշխատանքներից մեկն ընդգրկվեց «Christie's» աճուրդի «British and Continental Pictures» կատալոգում, նկարիչը դարձավ բոլորի աչքի գրողը: «Երեք փուլով է լինում այդ գործընթացը: Երրորդ փուլ անցնում են լավագույնները: Մեր հայտնի նկարիչներից ոչ ոք առաջին փուլ չի կարողացել անցնել: Դրանից հետո Սիմոն Գալստյանը դարձավ աչքի գրող, անցանկալի»,- ասաց նկարչի որդին:
Նախորդող հրապարակում՝