Պուտին. Ուկրաինայում տեղի է ունեցել սահմանադրական կարգի տապալում և իշխանության զինված զավթում
Ուկրաինայում տեղի է ունեցել սահմանադրական կարգի տապալում և իշխանության զինված զավթում: Այս մասին «Իտար-Տասս» լրատվական գործակալության փոխանցմամբ, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
Նրա խոսքով՝ Վիկտոր Յանուկովիչը Ուկրաինայի լեգիտիմ նախագահն է և չի տվել որևէ անօրինական հրաման: ՌԴ նախագահը նշել է, որ 2014թ.-ի փետրվարի 21-ին ստորագրելով ընդդիմության հետ համաձայնագիր՝ Յանուկովիչը «փաստացի հանձնել էր իշխանությունը»:
Պուտինը համոզմունք է հայտնել, որ ուկրաինական ընդդիմության հակասահմանադրական գործողությունները ցնցել են Ուկրաինայի արևելքն ու հարավ-արևելքը:
«Ինչո՞ւ էր պետք զբաղվել անօրինական, հակասահմանադրական գործողություններով և երկիրը ներքաշել քաոսի մեջ: Մինչ օրս Կիևում թափառում են դիմակներով և զինված գրոհայիններ: Ցանկանում էին ինչ-որ մեկին ստորացնե՞լ, ցույց տա՞լ իրենց ուժը: Դա բացարձակապես հիմար գործողություններ են: Այդ հեղափոխական իրավիճակը ձևավորվել է վաղուց, Ուկրաինայի անկախության առաջին օրերից: Սկզբունքորեն ժողովուրդն,իհարկե, փոփոխություններ էր ցանկանում, սակայն չպետք է խրախուսել անօրինական գործողությունները»,- ասել է Պուտինը:
Պուտինի խոսքով՝ Ուկրաինայում այսօր խաբեբաներին փոխարինել են այլ խաբեբաներ:
«Ես հասկանում եմ «մայդանի» մարդկանց, սակայն չեմ ողջունում իշխանափոխությունն այդ ձևով, բայց ես հասկանում եմ այդ մարդկանց, ովքեր մինչ այսօր պահանջում են ոչ թե իշխանության արտաքին տեսքի վերանորոգում, այլ պահանջում են արմատական փոփոխություններ: Նրանք արդեն սովոր են, որ խաբեբաներին փոխարինում են այլ խաբեբաներ»,- նկատել է նա:
Ռուսաստանի ղեկավարն ընդգծել է, որ Կիևում իշխանությունները չունեն Ուկրաինայի ապագան որոշելու համազգային մանդատ:
«Պետք է Ուկրաինայի բնակիչներին տալ սեփական և իրենց տարածաշրջանի ապագան որոշելու իրավունք: Ուկրաինայի բոլոր քաղաքացիները, որտեղ էլ նրանք բնակվեն, պետք է ունենան հավասար իրավունքներ մասնակցելու իրենց ապագայի որոշմանը»,- նշել է Վլադիմիր Պուտինը:
Լրահոս
Տեսանյութեր
18-20 տարեկան տղաներն իրենց կյանքի գնով Արցախում կանխել են ցեղասպանություն. Հովիկ Ավանեսով