Կառավարությունն այլևս իրավունք չունի ձեռքերը լվանալ
«Այսօր կառավարության կարևորագույն առաջանահերթություններից մեկը արդար մրցակցային դաշտի ձևավորումն է և, եթե այդ ուղղությամբ արձանագրվի էական և շոշափելի առաջընթաց, ապա գործադիրն իր հիմնական առաքելությունն առաջիկա տարիների համար իրականացրած կլինի»,- այս մասին այսօր «Ի-Վի Քոնսալթինգ» ընկերության և «Տնտեսություն և արժեքներ» հետազոտական կենտրոնի կողմից հրապարակած 2013-2014թթ. Հայաստանի ազգային մրցունակության հինգերորդ զեկույցի շնորհանդեսին հայտարարեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:
Նրա խոսքերով` հավասար մրցակցային դաշտը տնտեսության շարժիչն է:
«Տնտեսական համակարգի շարժիչը հավասար պայմաններն են տնտեսություն վարող սուբյեկտների համար, որոնց ազդեցությունը տնտեսության վրա շատ ավելին է, քան մյուս գործոններինը: Այստեղ կարևոր է մասնավոր հատվածի գնահատականները, թե ինչպես պետք է այս խնդիրը լուծենք և գնանք առաջ»,- ասաց վարչապետը:
Կառավարության ղեկավարը երկրորդ հիմնարար խնդիրը համարում է Հայաստանում ֆինանսական միջոցների արդյունավետ վերաբաշխումը, ինչի արդյունքում պետք է լուծել կարևորագույն քաղաքական խնդիրը՝ փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացումը:
Սա, Տ.Սարգսյանի դիտարկմամբ, ոչ միայն տնտեսական, այլև քաղաքական լուրջ բովանդակություն ունեցող հարցադրում է, քանի որ քաղաքացիական հասարակությունը չի կարող ձևավորվել առանց միջին խավի:
Վարչապետը կառավարության երրորդ կարևորագույն խնդիր է համարում ինտելեկտուալ կարողությունների ձևավորումը, քանի որ պետությունն այսօր ունի բարձր որակավորում ունեցող մասնագետների կարիք, առանց որոնց՝ հնարավոր չէ իրականացնել տնտեսական բարեփոխումներ:
«Մոդելը հետևյալն է, առանց կառավարության աջակցության հնարավոր չէ այս փակուղուց դուրս գալ։ Կառավարությունն այլևս իրավունք չունի ձեռքերը լվանալ և ասել՝ բիզնեսն ինքը պետք է կարողանա գտնել խնդիրների լուծումները, իսկ կառավարությունը թող պատերազմ տա մեկ այլ դաշտում, այն է՝ միջավայրի ձևավորում»,-նշեց նա։
Տ.Սարգսյանի խոսքերով` կառավարությունն սկսել է իրականացնել ակտիվ արդյունաբերական քաղաքականություն, բացահայտել են այն ոլորտները, որտեղ կա ներուժ:
Ընդհանուր առմամբ` բացահայտել են 11 ուղղություն մի քանի հարյուրից: Ըստ նրա` դրանք համարել են գերակա ուղղություններ և պետություն-մասնավոր համագործակցության պլատֆորմի վրա այդ ուղղություններով աշխատանքներ արդեն իսկ տարվում են: Յուրաքանչյուր ոլորտի համար, ինչպես նշեց վարչապետը, պետք է մշակվի հատուկ գործիքակազմ պետության կողմից:
Այսինքն` պետությունն առարկայական օժանդակություն պետք է ցուցաբերի այդ ոլորտների ձեռնարկություններին, որոնք պետք է կարողանան արագորեն հաղթահարել ՀՀ-ում առկա խոչընդոտները:
«Այսպիսով պետությունն առաջին անգամ պարտավորություններ ստանձնեց, որը նախկինում երբեք չէր անում»,- ասաց վարչապետը:
Տ.Սարգսյանը միաժամանակ նշեց, որ այդ ոլորտներում արդեն իսկ արձանագրում են դրական տեղաշարժեր, այդ թվում` դեղագործության ոլորտում, որտեղ արտահանման ծավալները տարեկան 3-5 տոկոսի աճ է գրանցվում: Ըստ նրա` մասնավոր ընկերությունները կատարում են համարձակ ներդրումներ, բացահայտում նոր շուկաներ, ներդնում նոր չափանիշներ: Վարչապետն ասաց, որ այս փորձը պետք է դարձնեն տեսանելի մասնավոր հատվածի համար, որպեսզի լինի վստահություն, որ պետություն-մասնավոր համագործակցությամբ կարող են առաջ գնալ:
«Ընդ որում `այն ձեռնարկությունները, որոնց օժանդակում ենք, միջին ձեռնարկություններ են, ինչը քաղաքական առումով մեր առաջնահերթությունների թվում է»,- ընդգծեց նա:
Նախորդող`
«Հայաստանը կրթված մարդկանց պակաս չունի. խնդիրներն արմատապես կապված են որակի հետ»
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում