Շիֆ. Պետք է թույլ տալ Արցախի ժողովրդին ինքնուրույն որոշել իր ապագան
ԱՄՆ կոնգրեսականներ Ադամ Շիֆը և Դեյվիդ Սիսիլայնը խստորեն դատապարտել են Սումգայիթում, Բաքվում և Կիրովաբադում ադրբեջանական իշխանությունների կազմակերպած կոտորածները և աջակցություն հայտնել Արցախի ժողովրդի ինքնորոշման ժողովրդավարական իրավունքին: Այս մասին կարդում ենք Ամերիկայի Հայ Դատի «Facebook»-յան էջում:
«Սումգայիթի ջարդերը պատմության սև կետն են և ցավալիորեն այս իրադարձությունները վերաճեցին նոր բռնությունների, երբ 9 ամիս անց նշանակետում հայտնվեցին Կիրովաբադի հայերը և կրկին Բաքվում` 1990 թվականին:
Ձևավորման առաջին իսկ օրերից հանրապետության կողմից ազատ կերպով ընտրված կառավարական մարմինները օգնել են ստեղծել բաց ժողովրդավար հասարակություն թափանցիկ ընտրությունների միջոցով, և կարևոր է, որ Միացյալ Նահանգները սատարի նրանց անկախությանն ու ինքնավարությանը»,- նշել է Սիսիլայնը:
«Այս սարսափելի գործողություններով ադրբեջանական պետությունը հիշեցրեց ամբողջ աշխարհին, թե ինչու պետք է խրախուսել Արցախի ժողովրդին ինքնուրույն որոշել իր ապագան և ինչու Արցախը չի կարող ընկնել Ալիևի ճանկերը, որպեսզի 26 տարի առաջ տեղի ունեցած Սումգայիթի կոտորածները ավելի մեծ սպանդի նախանշան չհանդիսանա: Սումգայիթի զոհերի հիշատակը չպետք է մոռացվի, և մեր բարոյական պարտականությունն է պատմության կրկնությունից խուսափելու համար քննադատել նման հանցագործությունները»,-նշել է Շիֆը:
Հիշեցնենք, որ ԱՄՆ Կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդ Ռոյսը, ինչպես նաև ներկայցուցիչների պալատի անդամներ Բրեդ Շերմանը, Թոնի Կարդենասը, Աննա Էշուն և Քեթրին Քլարքը հարգանքի տուրք էին մատուցել 1988թ.-ի Սումգայիթի ջարդերի արդյունքում զոհվածների հիշատակին և դատապարտել էին ադրբեջանական ռեժիմի շարունակական բռնության և ահաբեկման քաղաքականությունը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան