ՀՀ կառավարությունը քննարկում է «Հայփոստի» բաժնետոմսերը մասնավորեցնելու նպատակահարմարության հարցը
ՀՀ կառավարության վաղը կայանալիք նիստի օրակարգում ընդգրկված հարցերից մեկը «Փոստային կապի բնագավառի զարգացման» հայեցակարգի հաստատման հարցն է: Այս փաստաթղթով պետք է հաստատվեն այն միջոցառումները, որոնք նախատեսվում է իրականացնել փոստայկին կապի ոլորտի զարգացման նպատակով:
Հայեցակարգի 10-րդ կետում նշված է. «Փոստային կապի ազգային օպերատորի ենթակառուցվածքների արդիականացման առաջիկա լայնածավալ ներդրումների իրականացման անհրաժեշտությունից ելնելով՝ ներկայումս քննարկվում է ընկերության բաժնետոմսերի մասնավորեցման նպատակահարմարության հարցը»: Հայեցակարգով նախատեսված գործընթացները պետք է իրականացվեն 2014 և 2015 թվականներին: Այդ ծրագրերում «Հայփոստի» բաժնետոմսերի վաճառքի հնարավոր ժամկետների կամ այդ ուղղությամբ կոնկրետ քայլեր կատարելու մասին ոչինչ նշված չէ:
Ի դեպ, «Հայփոստ» ընկերությունը Հայաստանում փոստային կապի ազգային օպերատորն է: 2006 թվականից «Հայփոստ» ընկերության բաժնետոմսերը, որոնց միակ սեփականատերը ՀՀ կառավարությունն է, հավատարմագրային կառավարման են հանձնվել «Հայփոստ Թրասթ Մենեջմենթ» փակ բաժնետիրական ընկերությանը: Անցած տարիներին այս ընկերության բաժնետոմսերի սեփականատերերը փոփոխվել են: 2008 թվականից մինչ օրս այդ ընկերության բաժնետոմսերի սեփականատերը արգենտինահայ Էդուարդո Էռնեկյանն է: «Հայփոստի» հավատարմագրային կառավարման գործող պայմանագրի ժամկետը լրանում է 2016 թվականին: «Հայփոստն» ունի 885 փոստային բաժանմունք, որից 88-ը Երևանում, իսկ մնացած 797-ը` մարզերում:
Հայաստանում «Հայփոստից» բացի փոստային կապի ոլորտում գործում են ևս 12 ընկերություններ, որոնց կողմից մատուցվող փոստային կապի ծառայությունները փոստային կապի ծառայությունների ընդհանուր ծավալի մեջ փոքր մաս են կազմում:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում