«Ծառուկյանի և Իվանիշվիլիի միջև համեմատությունը տեղին չէ»
ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի և Վրաստանի նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի միջև ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի համեմատությունը տեղին չէ: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց «Ժառանգություն» կուսակցության գլխավոր քարտուղար Ստյոպա Սաֆարյանը:
Ըստ նրա, բացարձակապես տարբեր հարթություններ են: Ստյոպա Սաֆարյանը նկատեց, որ ԲՀԿ-ն ընդդիմություն չէ, իսկ Իվանիշվիլիի «Վրացական երազանք»-ն ընդդիմադիր կուսակցություն է:
Ստյոպա Սաֆարյանի խոսքով, Իվանիշվիլիի կուսակցությունը բոլոր ռիսկերին դեմ գնաց, իսկ ԲՀԿ-ն՝ ոչ:
«ԲՀԿ-ն չի հայտարարել, որ ամբողջական իշխանափոխություն է իրականացնելու: Կարող ենք անվանել իշխանության կիսման պահանջ»,– ասաց «Ժառանգություն» կուսակցության գլխավոր քարտուղարը:
Ասուլիսի մյուս բանախոս Ահարոն Ադիբեկյանն էլ հակադարձեց, որ ԲՀԿ-ն իշխանության մեջ չէ և կարող է ակտիվանալ հաջորդ ընտրություններին:
Անդրադառնալով Ուկրաինայի իրադարձություններին և Հայաստանում այդ սցենարի հնարավոր կրկնությանը, Ահարոն Ադիբեկյանը կարծիք հայտնեց, որ Հայաստանում Մայդան դժվար լինի:
«Հայերը հեղափոխական չեն, միայն 10 տոկոսն է, ինչը փոքր թիվ է Մայդան անելու համար»,- պարզաբանեց Ահարոն Ադիբեկյանը:
Նա նաև նշեց, որ Ուկրաինայում ոչ թե երկիրը կառուցող, այլ հակառուսական ուժեր են իշխանության եկել: Անդրադառնալով Ղրիմի իրադարձություններին, նա ասաց, որ եթե հանկարծ Ղրիմն անկախանա, դա մեզ համար ԼՂՀ ճանաչման նախադեպ կլինի:
Ստյոպա Սաֆարյանի բնորոշմամբ էլ, Հայաստանում իշխանափոխության պահանջը կա, բայց ցանկալի չէ Ուկրաինայի սցենարի կրկնությունը:
Լրահոս
Տեսանյութեր
18-20 տարեկան տղաներն իրենց կյանքի գնով Արցախում կանխել են ցեղասպանություն. Հովիկ Ավանեսով