Վախենալու ոչինչ չունենք, ես Մոսոյին չեմ խփել. Իսոն է փոխանցել կալանավայրից
Կայարանցի Թևոսիկի եղբոր` Արթուր Սաֆարյանի սպանության մեջ կասկածվող Իսրայել Սարգսյանի (Իսո) փաստաբան Գայանե Գալոյանը առաջիկայում պատրաստվում է նախաքննական մարմնի գործողությունները վիճարկել դատարանում` առանց որևէ ապացույցի անձին ձերբակալելու և սպանության մեջ մեղադրելու համար: Սակայն մինչ այդ փաստաբանը այս երկու օրերի ընթացքում վճռաբեկ բողոք կներկայացնի` բողոքարկելով խափանման միջոցը չփոխելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի որոշումը: Այդ մասին Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց փաստաբան Գայանե Գալոյանը:
Վերաքննիչ դատարանի որոշումը, ըստ փաստաբանի, ստանդարտ հիմնավորում ուներ` մերժել են խափանման միջոց կալանքը փոխելու մասին վերաքննիչ բողոքը, քանի «հիմնավոր կասկածներ ունեն, որ Իսրայել Սարգսյանը կխոչընդոտի նախաքննությանը»:
Ինչ վերաբերում է նախաքննական մարմնի կողմից սպանված համարվող Մովսես Ներսիսյանին, ապա նրա դին, որը փնտրում էին ջրամբարներում, մինչ այժմ չեն գտել: Փաստաբանը կասկածներ ունի, որ Մովսես Ներսիսյանը, նույն ինքը` Մոսոն, կենդանի է:
Մեկնաբանելով Գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի հայտարարությունը, թե բացի ԱԻՆ փրկարար ծառայությունից, այլ ծառայություններ ևս ներգրավված են Մոսոյի որոնողական աշխատանքներում, փաստաբանը կարծիք հայտնեց, որ այդ աշխատանքները օգուտներ կտան:
Հարցին, թե ինքը` փաստաբանը, որևէ քայլ ձեռնարկո՞ւմ է սեփական նախաձեռնությամբ Մոսոյին փնտրելու ուղղությամբ, տիկին Գալոյանը բացասական պատասխան տվեց:
«Մոսոն ժամանակին ոստիկանության համակարգում աշխատած ազատամարտիկ է եղել, պատահական անձ չի: Եթե նա որոշեր թաքնվել, կարող էր հստակ թաքնվել և այնպիսի պայմաններում, որ չկարողանային գտնել: Դրա համար էլ իմ անձնական հետախուզումը, տվյալներ հավաքելը կարող է էական արդյունք չտալ», -հավելեց տիկին Գալոյանը` նշելով, որ Մոսոյի ընտանիքի անդամների հետ չի հանդիպել, չի զրուցել:
Իր պաշտպանյալի` Իսոյի հետ հանդիպել է մարտի 4-ին, ասաց` «շատ լավ է»:
«Հստակ ասում է` վախենալու ոչինչ չունենք, ես Մոսոյին չեմ խփել, ես նման բան չեմ արել», -Իսոյի խոսքերը փոխանցեց փաստաբանը:
Կայարանցի Թևոսիկի եղբոր` Արթուր Սաֆարյանի սպանության փաստի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում կալանավորված են Իսրայել Սարգսյանն և Տիգրան Ասատրյանը: Իսրայել Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-104 հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով (38-104-ը` հանցագործության կազմակերպիչ), 104 հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետը` սպանություն` կատարված շահադիտական դրդումներով, պատվերով), 104 հոդվածի 2-րդ մասի 11-րդ կետով (այլ հանցանքը թաքցնելու նպատակով կատարված սպանություն) և 235 հոդվածի 1-ին մասով (ապօրինի կերպով հրազեն և ռազմամթերք ձեռք բերել, պահել և կրել): Իսկ Տիգրան Ասատրյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235 հոդվածի 1-ին մասով (ապօրինի կերպով հրազեն և ռազմամթերք ձեռք բերել, պահել և կրել) և 335 հոդվածի 1-ին մասով (հաստատապես հայտնի նախապատրաստվող ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության մասին չհայտնելը):
Իսրայել Սարգսյանին նախաքննական մարմինը մեղադրում է Մովսես Ներսիսյանին սպանելու համար, մինչդեռ մինչ այժմ Ներսիսյանը ողջ կամ մահացած գտնված չէ:
Հարակից հրապարակումներ`
Իսոյի փաստաբանը ոստիկանությանը մեղադրում է անձի անմեղության կանխավարկածը խախտելու մեջ
Թևոսիկի եղբոր սպանության պատվիրատուն սպանությունից հետո հիվանդանոցում ցավակցել է հարազատներին. Մանրամասներ (տեսանյութ)
Կայարանցի Թևոսիկի եղբոր սպանությունը կատարողին Իսոն հյուրանոցում սպանել է. Բացահայտում
Իսոյի և Տիգրան Ասատրյանի մեղադրանքը խստացվել է
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները