Ա.Կրիլով. Ես չեմ տեսնում ՀՀ ԱԳՆ-ի ակտիվ գործունեությունը հայ գերիների հարցում
Մոսկվայի Կովկասագետների գիտական միության նախագահ, քաղաքագետ Ալեքսանդր Կրիլովի համար դժվար է մեկնաբանել այն վայրագությունը, որ կատարվել է հայ գերի Մամիկոն Խոջոյանի հետ: Panorama.am-ի հետ զրույցում ռուս քաղաքագետը նշեց, որ միանշանակ է` նման միջադեպերը պետք է պարտադիր դառնան միջազգային կառույցներում հետաքննության և մանրակրկիտ քննարկման առարկա:
«Բացի այդ, միջադեպը պետք է քննարկման ու հետաքննության առարկա դառնա նաև դատարանում` սա արդեն Հայաստանի պարտականությունն է: Պետք է ակտիվանան նաև իրավապաշտպան կազմակերպությունները»,- ասաց նա` արձագանքելով հարցին, որ Ադրբեջանում կտտանքների ենթարկված և բռնության հետքերով ծնողներին վերադարձված Մանվել Սարիբեկյանի դին ոչինչ, փաստորեն, չփոխեց և Ադրբեջանը շարունակում է բռնություններ կիրառել հայ գերիների նկատմամբ` անկախ նրանց տարիքից ու կարգավիճակից:
Ա.Կրիլովը ամենից շատ կարևորում է այդ հարցում ՀՀ արտգործնախարարության գործունեությունը, ի վերջո Ադրբեջանում շարունակում է գերիի կարգավիճակում մնալ երիտասարդ Հակոբ Ինջիղուլյանը:
«Բայց ես չեմ տեսնում ակտիվ գործունեություն այդ ուղղությամբ, իսկ եթե այն կա, իրականացվում է, ապա պետք է դրա մասին բարձրաձայնել ինչպես հայկական, այնպես էլ օտարերկրյա ԶԼՄ-ներում»,- ընդգծեց Ա.Կրիլովը:
Նա ևս մեկ անգամ նշեց` Հայաստան պետությունը պետք է ակտիվ գործի այդ ուղղությամբ, այլապես ամենը կավարտվի ընդամենը էմոցիաների մակարդակի վրա արվող հայտարարությւոններով ու հրապարակումներով ԶԼՄ-ներում, ինչը չի երաշխավորի հետագայում նման դեպքերի կրկնությունը:
«Բայց միևնույն ժամանակ Հայաստանը պետք է պատրաստ լինի նաև հակընդդեմ հայցերի և նրան, որ նաև կարող է ստիպված լինել հստակ ապացուցել, որ չի գնում պետական ահաբեկչության ճանապարհով»,- հավելեց նա:
Հիշեցնենք, երկու օր առաջ ՀՀ քաղաքացի Մամիկոն Խոջոյանը, ով նախկինում ազատազրկման մեջ էր գտնվում Բաքվում, հայրենադարձվել է Հայաստան՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) հովանու ներքո։ Վերջինս հետազոտվել է Իջևանի ԲԿ-ում, որտեղ գտնվում է մինչ օրս: Պարզվել է, որ 77-ամյա ծերունուն տարբեր տեսակի բռնությունների են ենթարկել, Խոջոյանն ունի մեծ թվով վնասվածքներ` ձեռքը ջարդված է, ունի նաև հրազենային վնասվածք, հարազատների փոխանցմամբ` նա ոչ մեկին չի ճանաչում:
Նախորդիվ`
Գերու նկատմամբ բռնությունը` լուրջ ազդանշան