Սերժ Սարգսյան. Հայաստանը շարունակելու է շահերի համադրությանն ու ներդաշնակեցմանն ուղղված քաղաքականությունը
«Եվրոպական միությունը և Արևելյան գործընկերությունը կանգնած են մարտահրավերների առջև: Ուկրաինայի իրադարձությունները լուրջ մտահոգություն են բոլորիս համար: Խորապես ցավում ենք, որ Կիևում եղան մեծաքանակ մարդկային զոհեր: Ստեղծված իրավիճակում անհրաժեշտ է անել առավելագույնը լարվածության թուլացման և երկխոսության միջոցով ողջամիտ լուծումներ գտնելու ուղղությամբ»,- այս մասին Իռլանդիայի մայրաքաղաք Դուբլինում այսօր մեկնարկած Եվրոպական ժողովրդական կուսակցության համագումարում հայտարարեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
Հայաստանի ղեկավարն ընդգծեց, որ հարաբերությունների ընդլայնումն ու խորացումը որևէ գործընկեր պետության հետ չպետք է հանգեցնի նոր բաժանարար գծերի ձևավորմանը: Սերժ Սարգսյանը վերահաստատեց, որ Հայաստանը շարունակելու է շահերի համադրությանն ու ներդաշնակեցմանն ուղղված քաղաքականությունը:
ՀՀ նախագահը կարևորեց Եվրամիության կողմից 2013թ.-ի դեկտեմբերին Հայաստանին արտոնությունների համակարգից օգտվելու հնարավորություն ընձեռնելը, միևնույն ժամանակ շեշտեց, որ այդ համակարգի հնարավորությունները լիարժեք օգտագործելու համար անհրաժեշտ է վերացնել ԵՄ Մաքսային միության անդամ Թուրքիայի կողմից Հայաստանի ապօրինի շրջափակումը:
«Այսօր, երբ մարդկությունը ոգեկոչում է Առաջին աշխարհամարտի 100-ամյակի սարսափը, Թուրքիան ոչ միայն չի հրաժարվում ժխտողական իր քաղաքականությունից, ոչ միայն փորձում է մոռացության մատնել Հայոց ցեղասպանության միլիոնավոր զոհերի հիշատակն ու անտեսել հայրենազրկված ժողովրդի պահանջը, ոչ միայն չի ապաշխարհում կատարվածի համար, այլև շարունակում է Հայաստանին և հայերին վնասելու ազգատյաց և այլատյաց արմատներ ունեցող քաղաքականությունը»,- ասաց Սերժ Սարգսյանը:
Նա կոչ արեց չլռել այլատյացության դրսևորումների հարցում և դատապարտել դրանք:
«Մեզ համար անընդունելի և անհասկանելի է, երբ մենք հանդուրժում ենք ֆաշիզմի որևէ դրսևորում, երբ ձևացնում ենք, որ չենք լսում Եվրոպայի խորհրդի անդամ պետության` Ադրբեջանի նախագահի ելույթը, երբ նա բացեիբաց ատելություն և թշնամանք է քարոզում: Որպեսզի Արևելյան գործընկերությունը աշխատի, մենք պետք է շիտակ և ազնիվ լինենք միմյանց հուզող հարցերում»,- ասաց Սերժ Սարգսյանը:
Եզրափակելով խոսքը` ՀՀ նախագահը նշեց, որ Հայաստանը հանձնառու է շարունակել Եվրամիության հետ համագործակցությունը, որը համատեղելի է համագործակցության այլ ձևաչափերի հետ:
Նշենք, որ այսօր` մարտի 6-ին Իռլանդիայի մայրաքաղաք Դուբլինում մեկնարկել է Եվրոպական ժողովրդական կուսակցության երկօրյա համագումարը, որը նվիրված է Եվրոպական խորհրդարանի առաջիկա ընտրությունների նախապատրաստմանը: Օրակարգային հարցերից է նաև Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունները:
Համագումարին մասնակցում են Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուն, Եվրոպական խորհրդի նախագահ Հերման վան Ռոմպեյը, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, Իռլանդիայի վարչապետ Էնդա Քենին, Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը, Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռախոյը, Ռումինիայի նախագահ Տրայան Բասեսկուն, Նորվեգիայի վարչապետ Էրնա Սոլբերգը, Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը և եվրոպական պետությունների այլ առաջնորդներ:
Համագումարին մասնակցում է նաև Ուկրաինայի պատվիրակությունը, որը ներկայացնում են Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը, նախկին վարչապետ, նախագահի թեկնածու Յուլիա Տիմոշենկոն և «Ուդառ» կուսակցության առաջնորդ Վիտալի Կլիչկոն:
Եվրոպական ժողովրդական կուսակցությունը հիմնադրվել է 1976թ.-ին: Այն համաեվրոպական կուսակցություն է, որը միավորում է եվրոպական պետությունների քրիստոնեա-դեմոկրատական և պահպանողական կուսակցություններին: ԵԺԿ-ին Հայաստանից անդամակցում են ՀՀԿ, ՕԵԿ և «Ժառանգություն» կուսակցությունները