Ուկրաինայի դեպքերը և ռուսական ռուբլու արժեզրկումը կարող են բացասական հետևանքներ ունենալ Հայաստանի տնտեսության համար
«Այո, Ուկրաինայի դեպքերը և ռուսական ռուբլու արժեզրկումը կարող են բացասական հետևանքներ ունենալ Հայաստանի տնտեսության համար»: Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը:
Մասնավորապես, ըստ նախարարի, առաջին խնդիրը վերաբերում է տրանսֆերտներին. արժեզրկված ռուսական ռուբլու պայմաններում Ռուսաստանից Հայաստանն ավելի քիչ տրանսֆերտներ կստանա:
Վ.Ավանեսյանի խոսքերով` խնդիրներ կարող ենք ունենալ արտահանումների մասով, քանի որ ցանկացած դեպքում ռուբլու արժեզրկումը չի նպաստում Հայաստանի արտահանմանը:
Ինչ վերաբերում է արտաքին տնտեսական փոփոխություններով պայմանավորված Հայաստանի տնտեսական քաղաքականության մեջ փոփոխության հնարավորությանը, Վ.Ավանեսյանը նշեց, որ սովորաբար, արտաքին շոկերով պայմանավորված, լինում են տնտեսական քաղաքականության փոփոխություններ, ուղղակի այս պարագայում պետք է հասկանալ, թե որքանով են երկարաժամկետ այդ փոփոխությունները:
«Կան տարբեր գնահատականներ, թե ինչ կկատարվի տվյալ դեպքում ռուսական արժույթի հետ: Ամեն դեպքում մենք մեր կողմից պետք է հնարավորություն ունենանք հնարավորինս հասկանալ ավելի երկարաժամկետ ազդեցությունը մեր տնտեսության վրա: Եթե դա կարճաժամկետ է, ապա տնտեսական քաղաքականության փոփոխություն չենք կարող ունենալ, իսկ եթե երկարաժամկետ խնդիրներ են, ապա անպայման պետք է դիտարկվեն նաև տնտեսական քաղաքականության փոփոխության հարցերը»,- նշեց Վ. Ավանեսյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները